Իրավական դաշտում քաոս է. Ռոբերտ Քոչարյանի գործով իրավիճակը չի մեղմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու հարցը դարձել է լուրջ խնդիր: Ավելին, դատական համակարգում բանը հասել է այնտեղ, որ դատավորները նրա գործը չքննելու համար հազար ու մի պատճառաբանություն են ներկայացնում` ընդհուպ մինչեւ նախաինֆակտային վիճակով հիվանդանոց շտապելը:

Ինչպես հայտնի է, Հատուկ Քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Արդեն 6 ամիս է, ինչ իրավապահ համակարգը պայքար է տանում երկրորդ նախագահին կալանավորելու հարցի շուրջ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմքեր, ըստ որոնց` նա կարող է լինել ազատության մեջ: Ու մինչ պաշտպաններն ու իրավապահ համակարգը կռիվ են տալիս, թե արդյոք հնարավոր է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, օրենքը հստակ սահմանում է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետը վերաբերում է դատարանի կողմից գրավի կիրառմանը, ունի հստակ սահմանում, մասնավորապես`  «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»: Դատելով երկրորդ կետի սահմանումից` դատարանի համար պարզից էլ պարզ է, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, որ նա ունի մշտական բնակության վայր, չի թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Ընդհակառակը, երկրորդ անգամ ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, կալանավորման մասին որոշման հրապարակումից հետո նա անձամբ էր գնացել Երեւան-Կենտրոն ՔԿՀ: Ասել է թե` դատարանը, այս ամենը համադրելով, կարող է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել: Սակայն պատկերը այլ է:

Դատավորների կասկածը

Չնայած որ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, թե որ դեպքերում կարող են գրավ չկիրառել, եւ Ռոբերտ Քոչարյանը այդ կետերից որեւէ մեկի հետ առնչություն չունի, սակայն մինչ այս ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած որոշումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով այլ բան են ասում: Դատական համակարգը այն տեսակետին է, որ ճիշտ է` Ռոբերտ Քոչարյանի անձը հայտնի է բոլորին, նա ունի մշտական բնակության վայր, չի փորձել թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, սակայն այս բոլոր վերոնշյալ գործոնները ի չիք են դառնում այն պարագայում, երբ նրա գործը քննող դատավորը կասկած ունենա, որ նա, ազատության մեջ լինելով, կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Ու հենց այս կասկածն է մինչ այժմ հիմք տվել երկրորդ նախագահի գործը քննող դատավորներին, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեն կալանավորումը:

Իրար վրա են գցում

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու հարցը դատական համակարգում վերածվել է «Մկների ժողովի»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորները մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է:

Արդյունքում Նելլի Բաղդասարյանը բավարարեց դատախազի եւ քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը եւ հրաժարվեց քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: Դատավորի այս քայլը դատական համակարգում տարակուսանքի պատճառ էր դարձել, թե ինչու Նելլի Բաղդասարյանը հրաժարվեց, ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Վահագն Հարությունյանի հետ. դատավորին չպետք է կաշկանդեր այն փաստը, որ երկու անձինք էլ նույն գործով են մեղադրյալ: Դատական համակարգում հակված են կարծելու, որ դատավորը այս քայլով ավելի շատ վախեցել է քննել գործը, խուսափել է արդարադատություն իրականացնել` առաջ քաշելով տարբեր պատճառաբանություններ:

Դատավորները

Իրավիճակը այսքանով չի մեղմացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Նելլի Բաղադասարյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն անկանխատեսելի զուգադիպությամբ հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այդ գործը քննել, քանի որ նախաինֆարկտային նշաններով շտապել է հիվանդանոց հետազոտման:

Դատական համակարգի քաոսը այսքանով չի ավարտվել, Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ  չունի, մակագրվել է քեզ, պետք է  քննես: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել:

Արդյունքում Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որը 1999թ.. օգոստոսին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման վերաքննիչ դատարանում: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել, քանի որ դատավորը եւ նրա ընտանիքն ընկերական կապ ունեն իր ընտանիքի հետ: Սակայն բացարկը մերժվել է:

Մինչ այդ, նկատենք, դատական համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որ դատավորները տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում, խուսափում են արդարադատություն իրականացնելուց, վախենում են քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, իսկ այս պայմաններում դատարանների անկախությունը ապահովող Բարձագույն դատական խորհուրդը մատը մատին չի տալիս դատավորների շրջանում տիրող քաոսը կանոնակարգելու համար: Ի դեպ, այս իրավիճակում նաեւ լուրջ անելիք ունի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը պետք է հստակ զբաղվի դատավորների հարցերով, թե ինչ հիմքով են նրանք ինքնաբացարկ հայտնում եւ, առհասարակ, հիմնավո՞ր են արդյոք նրանց ինքնաբացարկ հայտնելու փաստարկները:

«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի պատասխանը ստեղծված իրավիճակի շուրջ:

Քնար Մանուկյան




Լրահոս