Ինչպես ՀՅԴ համակիրը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չկան կարեւոր եւ անկարեւոր պաշտոններ, կան դրանք ստանձնած շնորհալի կամ ապաշնորհ պաշտոնյաներ՝ ասվում է հայտնի ասույթում: Համաձայնելով հիշյալ ասույթի բանաձեւումին` նկատենք, որ պետական կառավարման համակարգի գործունեությունը դժվար է պատկերացնել առանց այդ համակարգին միս ու արյուն տվող, այն գործողության մեջ դնող բանիմաց, ձեռնահաս կադրերի: Մասնագետներ, որոնք կարող են երաշխավորել ու ապահովել կառավարման ապարատի «արծվի սլացքը», «վագրի թռիչքը», եթե կուզեք, «կենգուրուի ցատկը», կամ էլ հակառակը, պետական մեքենան մատնել անվերջանալի տեղապտույտի՝ որդեգրելով սաբոտաժի, տեղում դոփելու, կամ, ըստ ճաշակի, նաեւ «դոմփելու» գործելաոճը՝ պետական կառավարման անհաջողություններն ու ձախողումները պայմանավորելով ոչ թե սեփական ապաշնորհությամբ, այլ…կախարդական փայտիկի բացակայությամբ: Մոգական փայտիկ, որը, կարծես թե, գտել էր թավշա հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը, եւ որի ղեկավարը ամիսներ առաջ՝ հունիսին, ավետեց. «Կախարդական փայտիկ կա ու այն արդեն իսկ իր գործն սկսել է: Այն կիրականացնի ոչ միայն այն, ինչ որ հնարավոր է, այլ նաեւ էն, ինչ որ անհնար է»: Գտնված կախարդական փայտիկի գործունեությունից անցած ամիսների ընթացքում ոմանք մեծ ոգեւորություն ապրեցին, ոմանք էլ հիասթափվեցին եւ վերապահումներ հայտնեցին…

Նկատենք, որ չկարողանալով վերարտադրել հայտնի «happy end»-ով հեքիաթի սյուժետային գծերը՝ գործող կառավարությունը ամենաշատը քննադատվեց սխալ եւ չհիմնավորված կադրային քաղաքականության համար: Հանուն արդարության պետք է նշել, որ ՀՀ նախկին բոլոր կառավարություններն էլ բախվել են կադրային քաղաքականության վարման դժվարություններին, որակյալ կադրերի դեֆիցիտին: Պաշտոններն էլ շատ դեպքերում բաշխվել են որպես փոխհատուցում «հայրենիքին մատուցած» եւ այլ ծառայությունների դիմաց՝ կարեւորություն չտալով պաշտոն ստացողի մտավոր կարողությանը, բարոյական հատկանիշներին ու պրոֆեսիոնալ որակներին: Արձանագրենք, որ հեղափոխության արդյունքում ձեւավորված օպերատիվ կառավարությունների դեպքում գուցե ներելի են կառավարիչների սայթաքումներն ու վրիպումները՝ որպես անփորձության հետեւանք /քանի որ նրանցից շատերը նոր են պաշտոնի նշանակվել եւ ադապտացիոն շրջան անցնելու խնդիր ունեն/, մինչդեռ նոր ձեւավորվելիք կառավարության դեպքում այլեւս սպառված են լինելու ստանձնած լիազորությունները թերի, սիրողական մակարդակով իրացնելու, հաճախ նաեւ թուլանալու եւ պաշտոնյա լինելու մտքից հաճույք ստանալու բոլոր «լիմիտները»:

Մենք, ինչպես միշտ, հանրային իրազեկման մեր առաքելության մեջ կարեւոր տեղ ենք հատկացնելու նոր իշխանության գործունեությանը եւ չենք խորշելու օբյեկտիվ լույսի ներքո ներկայացնել այդ գործունեության լույսն ու ստվերը, պերճանքն ու թշվառությունը․․․

Վազգենի փեսան` «Նոր Կադաստրի» ճարտարապետը․

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է շարք, որի միջոցով կփորձենք փորփրել պետական հայտնի եւ ոչ այնքան հայտնի պաշտոնատար այրերի անձնական գործերն ու ուրվագծել վերջիններիս դիմանկարը՝ ներկայացնելով նրանց գործունեության ոճն ու ռիթմը, նախկինների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները:

Շարքի առաջին դեմքը Սարհատ Պետրոսյանն է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը: Վերջինս այս պաշտոնում աշխատում է շուրջ հինգուկես ամիս՝ 2018 թ․օգոստոսի 9-ից, եւ համալրում է թավշա հեղափոխությունից հետո պաշտոնի նշանակված, ինչպես ասում են, թրաշով երիտասարդ կադրերի շարքը: Ծնունդով Սալմաստից, մանկությունը Երեւանում՝ Նորքի անտառներում, պատանեկությունն ու երիտասարդությունը Օպերայի տարածքում եւ ներկայիս Սիրահարների այգում անցկացրած 37-ամյա Պետրոսյանը ՀՅԴ-ական, բժիշկ Վազրիկ Պետրոսյանի եւ «Երկիր մեդիա» ՀԸ-ի նախկին տնօրեն Ռուբինա Ղազարյանի որդին է, Սերժ Սարգսյանի հրաժարականի համար կոնյակով լի բաժակ բարձրացրած՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան:

Նրա կինը՝ Արեւիկ Մանուկյանը, «Աչաջուր բնական սնունդ» սրճարանի տիրուհին է /սրճարանը Պետրոսյան-Մանուկյան ամուսինների համատեղ բիզնեսն է/։ Պետրոսյանը, ըստ նրա շրջապատի մարդկանց, մասնագիտական հարցերում ճկուն է, մերժում է արխաիզմը, կարծրատիպերով չի առաջնորդվում, սկսած գործը մինչեւ վերջ տանելու հարցում վճռական է, խրախուսում է համարձակ մտահղացումները, ունի հումորի չափավոր զգացում, փոքր ինչ ինքնասիրահարված է… ԹեեւՊետրոսյանն անկուսակցական է, սակայն նրան մոտիկից ճանաչողները պնդում են` ՀՅԴ համակիր է։ Ճարտարապետության թեկնածու, Կանզասի ու Ժնեւի համալսարաններում վերապատրաստված Պետրոսյանը «Ուրբանլաբ» ճարտարապետական գրասենյակի հիմնադիր-տնօրենն էր եւ հենց այդ գրասենյակից էլ աշխատանքի է անցել Կոմիտե․մինչ այդ նա դադարեցրեց գրասենյակի գործունեությունը՝ «բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսեւորումներն ու ռիսկերը»։

Կոմիտե ոտք դնելու առաջին իսկ օրվանից վերջինս ձեռնամուխ է եղել կադաստրի «վերաբրենդավորմանը» /անգամ լոգոն է փոխվել/ «Նոր Հայաստանին» սազական «Նոր Կադաստրի» ձեւավորմանը։ Այնպես որ, Կադաստրում նորամուծությունների բում է, որոնց նպատակը կառույցի աշխատանքը հնարավորինս թափանցիկ դարձնելն է։ Ինչպես պնդում են այդ հիմնարկի երկարամյա աշխատակիցները, «հին» Կադաստրն էլ առանձնապես վատը չէր: Կոմիտեի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը եւս մեծ «ամագ» ունի Կադաստրի համակարգի բարեփոխման ու կայացման հարցում:

Նրա օրոք ահռելի աշխատանք է արվել, մասնավորապես ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը Կադաստրի համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, օպտիմալացման նպատակով միացվեցին կառույցի մի շարք ստորաբաժանումներ, սպասարկման գրասենյակներ, ՊՈԱԿ-ներ, այսպիսով համակարգն սկսեց ավելի արդյունավետ աշխատել եւ տնտեսել պետական միջոցները եւ այլն: Սարգսյանի աշխատանքը աննկատ չմնաց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եւ վերջինս իր ազգանվանակցին պարգեւատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

շարունակելի…
Հեղինե Մանուկյան




Լրահոս