ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Մակունցը վստահ է՝ «դավաճանը» «Իմ քայլ»-ից չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նոր ձեւավորված ԱԺ-ի եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

-Տիկի՛ն Մակունց, ինչպիսի՞ ԱԺ եք տեսնում։

-Տեսնում եմ բավականին ակտիվ Ազգային ժողով, որտեղ միայն մի տեսակետ չէ, այլ առկա են տարբեր տեսակետներ, քննարկումներ եւ դրանց արդյունքում որոշումներ ընդունելու հանգամանք։ Ինձ նաեւ ուրախացնում է, որ, այնուամենայնիվ, այն կառուցողական մթնոլորտը, ինչի մասին խոսում ենք, առնվազն այս երկու օրերի ընթացքում կարողանում եմ նկատել։

-Ինչո՞վ է տարբերվում 7-րդ գումարման ԱԺ-ն նախորդներից։ Ամենակարեւոր տարբերությունը, որ նկատել եք։

-Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով է տարբերվում։ Կարող եմ ասել, թե ինչով կուզենայի, որ տարբերվի, եւ կարծում եմ, որ պիտի տարբերվի։ 7-րդ գումարման Ազգային ժողովը պետք է տարբերվի շատ հստակ քաղաքական սկզբունքներով, պիտի տարբերվի կառուցողական գործելաոճով։

-Այս ԱԺ-ն աչքի է ընկնում երիտասարդների մեծ թվով։ Այս մասով կարծիքները շատ հակասական են։ Մտավախություն չկա՞, որ երիտասարդությունը իր անփորձության պատճառով կարող է շատ բաներ չհաջողել։

-Ընտրական օրենսգիրքը սահմանում է տարիքային շեմ, որը հաղթահարելու պարագայում քաղաքացին կարող է ընտրվել պատգամավոր։ Բոլորն այդ տարիքային շեմին համապատասխանում են։ Փորձառության մասին, իհարկե, պետական կառավարման համակարգում ոչ բոլորն է, որ ունեն փորձառություն, բայց ամեն ինչ ձեռքբերովի է։

-Արարատ Միրզոյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց 131 կողմ ձայնով։ Նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը միշտ շեշտում է իր ընդդիմություն լինելը, դեմ չքվեարկեց; Արդյոք սա ինչ-որ առումով մտահոգիչ չէ՞։

-Ես մտահոգող որեւէ բան չեմ տեսնում, որովհետեւ մարդիկ ազատ արտահայտել են իրենց կամքը, եւ չեմ կարծում, որ այդտեղ մտահոգող բան կա։

-«Իմ քայլը» դաշինքը հայտարարել էր, որ թիմը միասնական որոշում ունի կողմ քվեարկել Վահե Էնֆիաջյանին՝ որպես ընդդիմադիր փոխնախագահ։ Իհարկե, Էնֆիաջյանը ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը, բայց, այնուամենայնիվ, մեկը կողմ էր քվեարկել Մանե Թանդիլյանին, ով ստացավ 19 ձայն։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։

-Իսկ ո՞վ է քվեարկել։

-Այսինքն, կարծում եք, որ ԲՀԿ-ի՞ց է եղել քվեարկողը։

-Ես չգիտեմ՝ ով է քվեարկողը։ Գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել։ Այս պարագայում պարզապես հայտնում եմ համոզվածություն, որ մեր թիմի կոնսենսուսով որոշումը քաղաքական դիրքորոշման արտացոլվել է քվեարկության արդյունքում։

-Մշակույթի նախարար եղած ժամանակ դուք միշտ խուսափել եք որեւէ քաղաքական հայտարարություն անելուց։ Հիմա արդեն խմբակցության ղեկավար եք։ Այս առումով ինչպե՞ս եք հարմարվում քաղաքական թիմի ղեկավարի պաշտոնին։

-Մշակույթի նախարարի պաշտոնում արել եմ այն հայտարարությունները, այդ թվում եւ քաղաքական, որոնք վերաբերել են հենց մշակույթի տիրույթին։ Իսկ այժմ հիմնականում առնչվելու է օրենսդիրի աշխատանքներին, որտեղ կլինեն հիմնականում քաղաքական հարցադրումներ եւ շեշտադրումներ։

-Խմբակցության անդամները ինչ-որ առումով նաեւ պիտի ենթարկվեն խմբակցության ղեկավարին։ Ձեզ որքանո՞վ կհաջողվի այս գործը։

-Անկեղծ ասեմ, չեմ սիրում ենթարկել, ենթարկվել այդ բառերը։ Դրանք իմ բառապաշարում եւ բառաֆոնդում պասիվ դերում են։ Մեզ մոտ կա գործընկերային հարաբերություններ։ Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակում աշխատում ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս