Ինքնաբացարկների տարափ դատական համակարգում. ինչի՞ց են վախենում դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյա մեղադրյալների խափանման միջոցի ընտրության հարցը: Գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ նրա կալանքը երկարաձգելու գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մի քանիսը հրաժարվել էին քննել. մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը, պատճառաբանելով առողջական վիճակը, ետ կանգնել այդ քայլից:

Այն, որ դատավորները տարբեր քրեական գործերով ինքնաբացարկ են հայտնում, դատական համակարգում նորմալ են համարում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերով դատավորների` մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ հայտնելը դատական համակարգում համարում են վախի հետեւանք: Դատական համակարգում այն կարծիքին են, որ չկա մեկ դատավոր, որը իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի՝ քննիչի, դատախազի հետ ծանոթ չլինի կամ համակուրսեցի չլինի կամ, առհասարակ, որեւէ մեկի հետ խնջույքի մասնակցած չլինի, ուստի այդ կապը չի կարող պատճառ հանդիսանալ, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի:

Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով չէ, որ դատավորները ինքնաբացարկների շարք են սկսել, իրավիճակը նույնն է նաեւ մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դեպքում: Վերջինիս գործը քննելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս գործը քննելու հարցում առաջին ինքնաբացարկը հայտնել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանը իր ամուսնու ընկերն է: Ինչեւէ, գործը մակագրվել էր մեկ այլ դատավոր Վարդան Գրիգորյանին, որը եւս հրաժարվել էր քննել այդ գործը` նշելով, որ ինքը նախկինում եղել է մարտի 1-ի գործով պաշտպան, ուստի չի կարող քննել այդ գործը: Այսքանով ամեն ինչ չի ավարտվել, գործը մակագրվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը եւս հրաժարվել էր քննել Հարությունյանի գործը` նշելով, որ նա իր համակուրսեցին է եղել: Ինչեւէ, դատական համակարգում գտնվել էր ամենահամարձակ դատավորը` ի դեմս Արտուշ Գաբրիելյանի, եւ քննել էր այդ գործը: Հիշեցնենք` Գաբրիելյանը նաեւ «Սասնա ծռերի» գործով դատավորներից էր:

Սերժ Սարգսյանի եղբայրը

Իրավիճակը թեժ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի գործով: Վերջինիս գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հրաժարվել էր քննել` պատճառաբանելով, որ նրա հետ մտերիմ է եղել: Սակայն դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` չկա մի մարդ, որը Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ մեկ խնջույքի մասնակցած չլինի կամ նրա հետ որեւէ միջացառման ներկա չլինի, ուստի դատավորի այս ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէր:

Դատավորները` իրենց վախի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց դատավորների հետ, թե ինչից կամ ումից են վախենում, որ խուսափում են արդարադատություն իրականացրել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյան

-Պարո՛ն Պողոսյան, դատավորները աղմկահարույց քրեական գործերով ինքնաբացարկներ են հայտնում, Դուք եւս Սերժ Սագսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի դեմ քրեական գործով ինքնաբացարկ եք հայտնել` նշելով, որ մտերիմ եք: Սակայն դատական համակարգում այն կարծիքին են, որ դատավորները խուսափում են ամկահարույց գործով արդարադատություն իրականացնել, վախենում են:

-Բացարձակ ոչ:

-Այսինքն` չե՞ք վախեցել ոչ մեկի քրեական գործը քննելուց:

-Ասում են` օրենքը բարոյական, անբարոյական չի լինում, օրենքը օրենք է, բայց օրենքը իր տրամաբանության մեջ ունի բարոյականություն, ինչը օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով: Եթե մարդը մտերիմ է, առավել եւս, եթե մարդը մտերիմ չէ, բարեկամ չէ, այլ թշնամի է, ի վերջո դատավորն էլ է չէ՞ մարդ, կարող է չէ՞ դաժանություն դրսեւորի, դրա համար ասում են` մնա՛ քո դատավորի մեծության, քո բարձրության վրա, ինքնաբացարկ հայտնի եւ քո անձնական հարցերը մի՛ կարգավորի, լուծի այդկերպ : Որեւէ մեկը չի խուսափում, սա մեր աշխատանքն է, բոլորն էլ կատարում են իրենց աշխատանքը, որեւէ մեկը չի վախենում եւ որեւէ մեկը չի անհանգստացրել:

Քնար Մանուկյան




Լրահոս