Թավշյա հեղափոխության բերած կադրային փոփոխությունների ալիքը չշրջանցեց նաեւ Սահրատ Պետրոսյանի ղեկավարած մարմինը` Կադաստրի կոմիտեն. իր պաշտոնավարման անցած հինգուկես ամիսների ընթացքում վերջինիս հրամանով եղել են ինչպես աշխատանքից ազատվողներ, այնպես էլ աշխատանքի ընդունվողներ: 70-ից ավելի մարդ ընդունվել է աշխատանքի, 90 եւ ավելի մարդ ազատվել է, մոտ 60 հոգի էլ իր դիմումի համաձայն է աշխատանքին հրաժեշտ տվել…։ /Լուծարվել է Գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը, եւ լուծարման արդյունքում աշխատակիցներից ոմանք կադրերի ռեզերվում են/։ Կադաստրում, ինչպես հավաստիացնում են ներսի մարդիկ, նոր ղեկավարն իր հետ դեսպոտիզմ է բերել, ու շատ հարցերում այլեւս չի գործում նախկին պրակտիկան։ Մասնավորապես աշխատանքի ընդունվելու դեպքում «ծանոթի» գործոնն այլեւս չի աշխատում, իսկ մրցույթների միջոցով ապագա աշխատակիցներին ընտրելիս Կոմիտեում առաջնորդվում են «ընտրել լավից լավին» սկզբունքով՝ հաշվի առնելով ոչ թե ինչ որ մեկի հարսը կամ աներձագը լինելու հանգամանքը, այլ գիտելիքն ու փորձը:
Վերջերս էլ Կոմիտեի վերահսկողության վարչությունը ուսումնասիրել էր 300 իրավաբանական անձանց ցանկերն ու պարզել, որ 40 մասնավոր ընկերություններ այս կամ այն կերպ կապված են Կոմիտեի աշխատակազմի տարբեր պաշտոնատար անձանց հետ, իսկ մեկ այլ դեպքում քաղծառայողը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Խայտառակ վիճակ է արձանագրվել մասնավորապես «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Վերահսկողության վարչության ներկայացրած ցանկի 40 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՊՈԱԿ-ի բաժնի պետերի կամ այլ աշխատակիցների հետ։ Որոշվել էր սույն աշխատակիցների մի մասին ներկայացնել որակավորման կասեցման կամ դադարեցման պահանջ, իսկ լուրջ հետեւանքներ առաջացրած դեպքերով զբաղվելու հարցը վերապահել իրավապահ մարմիններին։
Մեղադրանքներ, խրախուսանք, ելումուտի նոր կարգ
Կոմիտեի նոր ղեկավարին վերջերս մամուլում եւ սոցցանցերում մեղադրեցին նախկին /մասնավորապես Երվանդ Զախարյանի ժամանակ աշխատած, կոռուպցիայի մեջ թաթախված/ վատ համբավ ունեցող կադրերին հետ բերելու մեջ: Այս մեղադրանքներին Պետրոսյանն արձագաքել է՝ հանդես գալով վեհանձն քրիստոնյայի դիրքերից. մարդը սխալական է, պետք է նրան երկրորդ շանսի, բայց ոչ երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն տալ: Պետրոսյանը նույնիսկ սպառնացել է՝ «եթե երկրորդ անգամ սխալվեց, պատասխանատվության ենթարկելու հարցում գնալու եմ մինչեւ վերջ»։ Քանի որ «Նոր Կադաստրը» առանց հին ոճով աշխատող կադրերի պատկերացնել հնարավոր չէ, Պետրոսյանը ջանում է ամեն կերպ բարձրացնել աշխատակիցների աշխատանքի ՕԳԳ-ն՝ փորձելով ապահովել համապատասխան երաշխիքներ: Օրինակ՝ Կոմիտեի «գերազանցիկ» աշխատակիցներին խրախուսելու նոր կարգ է սահմանվել. յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար եռամսյակը մեկ իր 1 աշխատակցի պետք է պարգեւավճարի ներկայացնի:
«Նոր Կադաստրի» նորամուծություններից մեկն էլ Կոմիտեի շենքում ելումուտի կարգի վերանայումն է: Ըստ այդմ՝ ովքեր մշտական ելումուտի իրավունք չունեն, առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու եւ առանց հյուրընկալողի ուղեկցության չպետք է մուտք գործեն շենք ( այդ թվում՝ նախկին աշխատակիցները)։ Ի դեպ, ելումուտի հետ կապված մի ուշագրավ դիպված էլ տեղի է ունեցել հենց իր՝ Պետրոսյանի հետ: Երբ վերջինս առաջին անգամ աշխատանքի է գնացել՝ թղթե բաժակով սուրճը ձեռքին, շենքի մուտքը հսկող ոստիկանները նրան չեն ճանաչել ու ներս չեն թողել: Ապա գլխի ընկնելով, թե ինչն-ինչոց է` իրենց մեղքը քավել են` նոր ղեկավարին հերթով պատվի առնելով: (Ասում են, թե այդ օրվանից Պետրոսյանն արգելել է իրեն կամ Կոմիտեի մյուս պաշտոնյաներին պատվի առնել)։
Ո՞վ էր Պետրոսյանը մինչեւ հեղափոխությունը
Ս.Պետրոսյանը մինչեւ վերջին պաշտոնում նշանակվելը շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ-ին, եղել է քաղաքային պլանավորման եւ զարգացման փորձագետ տարբեր միջազգային ու տեղական ծրագրերում, /ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամի/, ինչպես նաեւ ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում: Նա` որպես քաղակտիվիստ, հաճախ էր բարձրացնում քաղաքաշինական, ճարտարապետական խնդրահարույց հարցեր՝ թիրախավորված քննադատության ենթարկելով Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Պարզվում է՝ Սարգսյան-Պետրոսյան հակասությունները հին պատմություն ունեն:
ժամանակին՝ Պետորսյանի ուսումնառության տարիներին, Սարգսյանը եղել է ԵրՃՇԻ ճարտարապետության ֆակուլտետի դեկանը: Պետրոսյանը դեկանի գործունեությունը՝ մասնավորապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատաոճը քննադատող հոդված է տպագրել թերթերից մեկում, ինչի պատճառով Պետրոսյանի հայրը նույնիսկ կանչվել է ինստիտուտ որդու արարքի համար բացատրություն տալու համար։ Ընթերցողը կհիշի, որ տարիներ առաջ Պետրոսյանը դատական հայց էր ներկայացրել իր էքսցենտրիկ
հայտարարություններով հայտնի Լեւոն Իգիթյանի դեմ իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար: Իգիթյանը Պետրոսյանին անվանել էր «անշնորհք» եւ մասնավորապես ասել. «Ինքը` ճարտարապետության դիպլոմը գրպանում, այգեպան է աշխատում սիրահարների այգում: /Այգու նախագծի «գործադիր» ճարտարապետը եղել է Պետրոսյանը/։ Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով, ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»: Պետրոսյանն այն ժամանակ պնդում էր, որ Իգիթյանի բերանով իրեն վիրավորում է Սարգսյանը՝ ներկայացնելով զրպարտիչ տեղեկություններ:
Մի քիչ վիճակագրություն
Կոմիտեն, եթե խոսենք թվերի լեզվով, 2018 թ․ բյուջեն ոչ միայն կատարել է, այլ գերակատարել. 2018-ի բյուջեի կատարողականը կազմել է 110 տոկոս։ Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջե կփոխանցի շուրջ 538 միլիոն դրամ, ավելին, քան վերջին 6 տարիների ընթացքում Կոմիտեից պետբյուջե փոխանցված ընդհանուր գումարը. այն 2012-2017 թթ. միասին կազմել է մոտ 492 միլիոն դրամ։ Միաժամանակ, համակարգում տարվա ընթացքում կատարված գործարքներն ապահովել են ավելի քան 4 միլիարդ դրամի մուտք, պետտուրքի տեսքով պետբուջե է ուղղվել մոտ 984 հազար դրամ, որը 2017-ից ավելի է 17%-ով։ Եւս մեկ թիվ. 2018 թ․ ընթացքում Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում մատուցված ծառայությունների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 1,5 միլիարդ դրամ։ Սարհատն, ինչպես կատակում են Կադաստրում, «սար ա, որ հատում ա»։ Մնում է՝ կեսից չհոգնի ու տեմպը չթուլացնի։
Հեղինե Մանուկյան