ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուսավոր Հայաստանը» քննարկման պատրաստ է նույնիսկ ՀՀԿ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

-Դուք մի քանի ամիս զբաղեցրել եք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, սակայն նախկին նախարար Արտեմ Ասատրյանի մասով կոռուպցիոն բացահայտումներ չեղան։ Ո՞րն է պատճառը, իսկապե՞ս այդքան մաքուր է աշխատել։

-Ես հետախուզական աշխատանքներով չեմ զբաղվել եւ ինչ ինֆորմացիա եմ ունեցել կամ ինչ տեղեկատվություն է ինձ փոխանցվել, ուղղակիորեն ուղարկել եմ իրավապահ մարմիններին։ Դրա մասին գիտեն բոլորը նախարարությունում․դա կլիներ անանուն հաղորդագրություններ կամ անվանական, ամեն բան փոխանցվել է իրավապահ մարմիններին։ Որոշակի խախտմամբ տրված պարգեւավճարներ ես ինքս եմ տեսել, որը նույնպես ուղարկել ենք իրավապահ մարմիններին։

-Ընդհանուր առմամբ գո՞հ եք Ձեր աշխատանքից։

-Ես ունեցել եմ ծանր եւ հետաքրքիր աշխատանք։ Այն միանշանակ կարեւոր աշխատանք էր, քանի որ մեր բնակչության հետ ուղղակիորեն առնչվում է։ Հետեւաբար այդ ոլորտին պետք է դարձնել մեծ ուշադրություն, եւ խորքային խնդիրներ կան, որոնց լուծումը օր առաջ պետք է տրվի։

Այդ առումով ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում, անուն կնշե՞ք։

– Ես անձ չեմ անվանի, բայց կնշեմ հատկանիշներ․մարդ, որ ճանապարհի կեսից կանգ չի առնի, կիրականացնի ռեֆորմներ։ Պետք է լինել շատ բանիմաց, տիրապետել ոլորտի խորքային նրբությունների։

-Վերադառնանք Ազգային ժողովում Ձեր գործունեությանը։ Ինչպիսի՞ խորհրդարան ունենք եւ ի՞նչ արդյունք եք ակնկալում։

-Ես շատ կցանկանամ, որ այս խորհրդարանը գիտակցի իր վրա դրված առաքելությունն ու պատասխանատվության բարձր աստիճանը՝ ունենալով ժողովրդի վստահություն եւ այս տեսակի լեգիտիմություն, որը պետք է բերի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ, քան կարելի էր սպասել։ Եվ անկախ այն հանգամանքից, որ խորհրդարանն անփորձ է, եւ այստեղ կան բազմաթիվ փորձ չունեցող պատգամավորներ եւ բազմաքանակ է` չպետք է խոչընդոտի, որպեսզի արագ պատգամավորները կարողանան մտնել հունի մեջ եւ հասկանան, որ իրենց ամեն ասված խոսքն այսուհետ ունի ազդեցություն։ Ես կարծում եմ՝ նրանք կգիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը։

-Առաջին նիստի մեկնարկից նկատում ենք, որ առավել շատ ընթանում է հակամարտություն ընդդիմադիր ուժերի միջեւ, այլ ոչ թե հակազդում են իշխող ուժին։ Եվ երեկ էլ արդեն կրքերը խորհրդարանում թեժացան հենց ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի միջեւ։ Ինչո՞ւ է այդպես։

-Երեկվա հնչեցրած բազմաթիվ հարցերը հենց մենք էինք բարձրաձայնում՝ ուղղված իշխող ուժի ներկայացուցիչներին։ Իսկ այդ միջադեպն էլ իրականում քաղաքական տեքստի պատճառով տեղի ունեցած միջադեպ է, որը վատ է, եւ քաղաքական մշակույթ պետք է փոխվի, եւ պատգամավորները կարողանան լսել քննադատություն, հակադարձեն խոսքով, մտքով եւ ելույթ ունենալ խոսելով։ Հին մշակույթը, որը կար նախորդ գումարումներում, չպետք է բերվի նոր Ազգային ժողով։

-Իսկ ի դեմս ԲՀԿ-ի` ինչպիսի՞ ընդդիմություն եք տեսնում։

-Ես ընդհանրապես հակված եմ թույլ տալ` գնահատականները մարդիկ տան։ Ես ունեմ իմ ուրույն կարծիքը եւ կարծում եմ՝ մեր քաղաքացիները կարողանում են գնահատել անցած ուղին, իրավիճակային լուծումները եւ ունենան իրենց կարծիքը։

-Ընդունված է, որ արտախորհրդարանական ուժերը լուսանցքում են գտնվում եւ չեն ակտիվանում։ Դուք տեսնո՞ւմ եք այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցության եզրեր ունեք։

-Բազմաթիվ ուժեր, ովքեր մշտապես ներկայացված են եղել, դուրս են մնացել եւ տարել են պոտենցիալ եւ փորձառություն։ Ես ուրախ կլինեմ, եթե նրանք ցանկություն ունենան ունենալ դերակատարում։ Ես ուրախ կլինեմ, եթե ցանկանան ուժեղացնել իրենց դերակատարումը։ Եթե ընդհանուր եզրեր կան, կարող է լինել համագործակցություն։ Եթե բովանդակային մոտեցում կա, որը համընկնում է մեր մոտեցման հետ, ես համարում եմ իրագործելի։

-Համագործակցություն տեսնում եք նաեւ ՀՀԿ-ի՞ հետ։

-Ես բովանդակության մասին եմ խոսում, ինձ հետաքրքրում է միտքը, բովանդակությունը։ Եթե մեր օրակարգում է, մենք ամեն նմանատիպ, յուրաքանչյուր ուժից ներկայացված, մենք բովանդակային քննարկման պատրաստ ենք։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս