Աղմկահարույց 0038 հրամանի հետքերով. մանրամասներ Սեյրան Օհանյանի հարցաքննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հիմնականում Սեյրան Օհանյանին հարցեր է տվել 0038 գաղտնի հրամանի հետ կապված:

Այսպիսով, ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը: Եւ ահա 11 տարի անց Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար:

Ինչպես հայտնի է, Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքները, որակել այն «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն», «իրավագիտորեն ոչինչ չասող»: Վերջինս նշել էր, որ դեկտեմբերի 20-ին իրեն արգելել են դուրս գալ երկրից` խոչընդոտելով ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին մեղադրանք առաջադրել:

Ու մինչ Սեյրան Օհանյանը դժգոհում է իր շուրջ կատարվող իրադարձություններից, «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից:

Նախաքննական մարմինը` ի դեմս Հատուկ Քննչական ծառայության, բավարարված է Սեյրան Օհանյանի տրված ցուցմունքներից: Ասել է թե` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , որը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք օգնել են նախաքննական մարմնին գործի հետագա դրական ընթացքը ապահովելու համար:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեյրան Օհանյանին հիմնականում հարցեր են ուղղել 0038 հրամանի հետ կապված: Ըստ մեզ հասած լուրերի` Օհանյանը մանրամասն բացատրել է, թե ինչ է իրենից ենթադրել 0038 հրամանը եւ ինչպես է այն կազմվել: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա քննիչներին բացատրել է, որ 0038 հրամանը իջեցվել է ղեկավարությունից, ինքը կատարել է հրամանի տեխնիկական մասը: Իսկ թե կոնկրետ ումից է իջեցվել հրամանը, Սեյրան Օհանյանը անուններ չի տվել: Ասել է թե` նա բացատրել է հրամանի էությունը, սակայն որեւէ բան չի հայտնել հրամանի կիրառումից եւ այն իրականացումից, քանի որ ի պաշտոնե տեղյակ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործում հայտնվել է միայն 2018 թվականի հուլիսին: 0038 գաղտնի հրամանով` զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին` ժամը 18:00-ից սկսած, պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում` առանձին բաժիններում, պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով:

Երեւան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ:

ՀՔԾ պետը հրապարակել էր նաեւ գաղտնի հրամանի 3-րդ կետը, որում մասնավորապես նշվում է հետեւյալը. «ՀՀ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների եւ առանձին զորամասերի հրամանատարներին` ստեղծե՛լ բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետեւյալ հաշվարկով` բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպե՛լ ըստ դասակների` յուրաքանչյուրը 30 հոգի, եւ ստորաբաժանումները զինե՛լ հրաձգային զենքերով»:

Ի դեպ, նախաքննական մարմինը, ինչպես նկատում ենք, Մարտի 1-ի գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ երկրոդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը այս պահին գտնվում է Երեւան Կենտրոն ՔԿՀ-ում, ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խարատուրովը գրավի դիմաց ազատության մեջ է, նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, նաեւ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, կալանավորման «թեկնածուների» շարքում է. նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը:

Գլխավոր դատախազությունը նոր բողոք է բերել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ` պահանջելով կալանավորել Գեւորգյանին: Հետախուզոււմ է հայտարարված նաեւ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ. նա էլ մեղադրվում է ապացույցեր կեղծելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Ասել է թե` մարտի 1-ի գործով մեղադրյալներին կալանավորելու ցանկություն կա: Սակայն Սեյրան Օհանյանի նկատմամբ նախաքննական մարմինը այլ դրսեւորում է ցուցաբերել: Մասավորապես հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, մարտական ուղին, հաշմանդամության կարգ ունենալու հագամանքը` նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունների հետ կապված մեկնաբանության համար դիմեց Սեյրան Օհանյանին, ավելին` հաղորդագրություն ուղարկեց, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

Քնար Մանուկյան




Լրահոս