«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Մեր առաջին զրուցակիցը դերասան Ռաֆայել Երանոսյանն է:
Նա մեզ պատմեց շուրջ հինգ տարի առաջ Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցած մի դեպք: Վարդավառի օրը Ռաֆայելին մի կերպ հաջողվում է չջրվել եւ բարեհաջող հասնել թատրոն, որտեղ խաղալու էր «Կառավարական համերգ» ներկայացման մեջ: «Ես հատուկ չիջա մեքենայից, խնդրեցի, որ բեմական հագուստս բերեն, մեքենայի մեջ հագա ու շտապ մտա թատրոն, բարձրացա բեմ, ներքուստ հպարտ էի, որ հաջողվել էր խուսափել ջրվելուց, եւ երբ արդեն իմ հերթն էր, երգում էի, զգացի, որ դույլով ջուրը լցվում է գլխիս: Պարզվեց՝ ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանն էր որոշել չար կատակ անել: Անկեղծ ասած՝ բոլորովին չէի սպասում, շոկի մեջ էի, բայց շարունակեցի երգել աչքերս փակ, արդեն թաց-թաց, հանդիսատեսը ծիծաղում էր, ես երգում էի, իսկ հետո որոշեցի ինքս էլ հետ չմնալ, այդ նույն դույլով ջուրը բերեցի ու լցրեցի Արշալույսի գլխին: Թե ինչ եղավ հետո, բառերով հնարավոր չէ փոխանցել: 150 հանդիսատես ու 10 դերասան սկսեցին ջրել իրար հենց ներկայացման ժամանակ»,-պատմեց Ռաֆայելը:
Նրա խոսքով՝ բոլորը մոռացել էին՝ ինչի համար են հավաքվել, ու ինքնամոռաց տրվել էին այդ թաց խաղին: Ով ինչ ուներ, լցնում էր ջրով ու մտնում խաղի մեջ, անգամ կուլիսներից էին ջուրը բերում, լցնում իրար վրա: Արդյունքում ամբողջ բեմն ու դահլիճը կորել էր ջրի մեջ: «Բանը հասավ նրան, որ ձայնային ռեժիսորն ահաբեկված եկավ բեմ ու հավաքեց տեխնիկան, որ հանկարծ չվնասվի: Արդյունքում 10-15 րոպե մենք երգել ենք առանց խոսափողի: Այդ ջրոտ ներկայացումը, ջերմ մթնոլորտն ու ստեղծված աժիոտաժը երբեք չեմ մոռանա»,- ծիծաղելով նշեց դերասանը:
Նա խոստովանեց, որ, առհասարակ, իր հետ նման դեպքեր շատ են տեղի ունենում: Օրինակ՝ վերջերս էլ հենց բեմի վրա ձայնը կտրվել է այն աստիճան, որ ինքն իրեն չի լսել, հետո հրաշքով վերադարձրել է այն:
«Առհասարակ, սիրում եմ վառ, հիշվող դրվագներ, զարմանալի չէ, որ դրանք իմ կյանքից անպակաս են, քանի որ ինձ շրջապատում եմ հումորով եւ գունավոր մարդկանցով»,-եզրափակեց Ռաֆայելը:
Աննա Բաբաջանյան