«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ստեղծված «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը, որն ունի 400 անդամ, տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ է անում: Պատճառը հանքավայրի վրա 380 մլն դոլարի արգելանքն է, ինչի հետեւանքով հանքավայրը հնարավոր չէ վերաբացել:
Տեղեկացնենք, որ Թեղուտի հանքավայրը շահագործվել է ՎՏԲ բանկի 380 մլն դոլար վարկով: «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձաձուլական գործարանը եւ «Վալլեքս»-ին պատկանող եւս մեկ հանքավայր գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: ՎՏԲ բանկը դադարեցրել էր վարկ տրամադրել «Վալլեքս»-ին վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով: Այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում եւս հանքարդյունաբերությամբ է զբաղվում:
Ի դեպ, Նորիկ Պետրոսյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին «Թեղուտ»-ի գործազուրկ դարձած աշխատողներին վստահեցրել էր, որ դեկտեմբերից հանքավայրը կսկսի վերաշահագործել: Անգամ նշվել էր, որ աշխատողները դեկտեմբերին կստանան աշխատանքի ընդունվելու վերաբերյալ ծանուցումներ: Սակայն նոր օպերատորի ոգեւորվածությունը կոտրվել է: Պատճառը «Կ-Արաստ» ընկերությունն է, որն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի դիմել է դատարան եւ պահանջել վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը: Սա դեռ ամենը չէ:
«Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամ Կարեն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ավելի քան 2 մլն դրամ պարտքի պատճառով դատարանը կալանք է դրել 380 մլն դոլար արժողությամբ հանքավայրի վրա: Եւ հենց այս դատական քաշքշուկների պատճառով ձգձգվում է Թեղուտի հանքավայրի վերաբացումը: «Բանն այն է, որ «Կ-Արաստ» ընկերությունը նախկինում ծառահատումներ է իրականացրել Թեղուտում, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն չի վճարել այդ 2 մլն դրամը, եւ դրա համար դատարանը որոշել է կալանքի տակ դնել 380 մլն դոլարանոց հանքավայրը: Այդ կալանքի պատճառով ոչ մի գործողություն հնարավոր չի լինում իրականացնել: Հետեւաբար գործարարի հետ ռուսաստանյան ՎՏԲ բանկը եւս չի կարողանում վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Կարեն Միքայելյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն է՛լ, նոր օպերատորն է՛լ պատրաստակամ են վճարել այդ 2 մլն դրամ պարտքը: Սակայն դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից պահանջում է լուծարել ընկերությունը: «Ավելին` պահանջում է, որպեսզի նախկին սեփականատերը (խոսքը Վալերի Մեժլումյանի մասին է) իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառելու եւ ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- լրացրեց Կարեն Միքայելյանը:
Բայց մյուս կողմից` նախաձեռնության անդամների այս հայտարարություններին «Վալլեքս» ընկերությունից արձագանքել են` պնդելով, որ կապ չունեն ե՛ւ «Կ-Արաստ»-ի, ե՛ւ դատական քաշքշուկների հետ: Եւ չնայած սրան` «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամները նկատել են, թե ինչպես են դատական նիստերին փաստաբանները գնում «Վալլեքս»-ին պատկանող ծառայողական ավտոմեքենաներով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանում հայտնված «Թեղուտ» ընկերությունը խնդրի լուծման տարբերակ է գտել, եւ քանի որ «Կ-Արաստ» ընկերությունը հրաժարվում է գումարը վերցնել, «Թեղուտ» ՓԲԸ-ն այն փոխանցել է նոտարի դեպոզիտային հաշվին, որպեսզի այդ գումարը «Կ-Արաստ»-ը վերցնի:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է նախկին սեփականատերը փորձում հանքավայրի վերաբացման ճանապարհին արհեստական խորընդոտներ ստեղծել: Աբսուրդ է, որ այդ 2 մլն դրամի պատճառով լուծարման գնա ընկերությունը: Մենք պայքարում ենք, որ կալանքը հանվի «Թեղուտ» ՓԲԸ-ի վրայից, որպեսզի հնարավոր լինի վերագործարկել հանքավայրը: Հիմա 800 գործազուրկ դարձած քաղաքացի, շունչները պահած, սպասում են կալանքի հանվելուն: Մի կողմից` կառավարությունն ասում է` հանքավայրը չվերաբացելու պատճառը կալանքն է, մյուս կողմից` մենք պայքարում ենք կալանքը հանելու համար: Իսկ մարդիկ այստեղ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, աշխատանք չունեն, վարկային պարտավորություններ ունեն, չեն կարողանում դրանք մարել: Աշխատելու տարիներին վարկ են վերցրել` 16 տոկոսով, եւ գործը թողնելուց հետո որ չեն կարողացել վճարել, բանկը 16 տոկոսը բարձրացրել է` դարձնելով 20 տոկոս. մենք դրա դեմ էլ պայքարեցինք, բանկի հետ բանակցեցինք, ճանապարհ փակեցինք ու հասանք 4 տոկոս նվազեցմանը մեր նախաձեռնության ջանքերի շնորհիվ»,- նկատեց Կարեն Միքայելյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վալլեքս»-ից, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Սյունէ Համբարձումյան