ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ԲԱՐԻ՞Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն էր: Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով օրենսդիրի գործունեությանը, ասաց. «Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը»,- ասել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր պատգամավորների հետ զրույցում փորձեց պարզել, թե ով ինչպես է հասկացել նախագահի ուղերձը:

Թագուհի Ղազարյան` «Իմ քայլը» դաշինք
-Տիկի՛ն Ղազարյան, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է նոր ԱԺ-ն։
-Ես տեսնում եմ շատ պատրաստակամ եւ շատ սրտացավ Ազգային ժողով, որը պատրաստ է բոլոր հարցերը բերել ԱԺ հարթակ ու քննարկել եւ կառուցողական քննարկումների արդյունքում հանրային լայն եւ նաեւ քաղաքական լայն կոնսենսուս ունեցող լուծումներ առաջարկել։
-Ինչո՞վ է տարբերվելու նախկին ԱԺ-ից։ Նշե՛ք մի քանի կարեւոր տարբերություն, որ տեսնում եք։
-Չեմ ուզում այս ԱԺ-ն համեմատել նախկինների հետ։
-Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով նորընտիր օրենսդիր մարմնի մասին, նշեց, որ պետք է ձգտել աշխարհին պարգեւել նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ, նոր կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ։ Սրա իրագործումը ինչպե՞ս եք պատկերացնում։
-Անկեղծ ասած` շատ տարբեր են էդ շեշտադրումները բոլոր էն մարդկանց, որոնց մասին խոսում է պարոն Սարգսյանը։ Պետք է հիշել, որ Թումանյանի ժամանակ պետականություն եւ Ազգային ժողով չկար, բայց Թումանյանը ինքնին ձեւավորվեց։ Դա մշակութային միջավայրի հարց է, որը որ պետք է կարգավորվի ոչ թե պետական ապարատներում կամ սենյակներում, գրասենյակներում որոշումներ կայացնելու հետեւանքով, այլ մեր իսկ վարքագծով եւ վարքականոններով մշակութային դանդաղ փոփոխությունների հետեւանքով։
-Այսինքն` կարծում եք` ԱԺ-ն այստեղ անելիք չունի՞։
-Ազգային ժողովը այստեղ օրենսդրական փոփոխության առումով անելիք չունի, բայց ԱԺ-ն այս միջավայրը կերտելու ու այդ դիրսկուրսները ԱԺ հարթակից ստեղծելու հնարավորություն ունի։ Ես արդեն իսկ կարծում եմ, որ էս Ազգային ժողովը մշակութային մեծ փոփոխության հետեւանք է, եւ էստեղ իր դերակատարումը սենյակներում օրենսդրական նախաձեռնություններ կնքելը չի, որ լինելու է։
-Բոլոր դեպքերում, այս մասով ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր անելիքը։
-Ինձ թվում է, որ ես հնարավորինս մեկնաբանեցի, թե ոնց եմ պատկերացնում։ Կկրկնվեմ, եթե ինչ-որ բան ավելացնեմ։
-Նախագահն ասել է՝ դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն։ Բայց Ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը։ Ինչպե՞ս պետք է վերահսկեք Ձեր ստեղծած օրենքի իրականացումը։
-Վերահսկման մեխանիզմները բազմաթիվ են՝ կախված նրանից, թե այդ օրենսդրական նախագիծը որ կառույցին, որ մարմնին է վերաբերում: ԱԺ-ն ունի այդ ղեկավար մարմիններին այստեղ հրավիրելու, խորհրդարանական լսումների, ինչպես նաեւ բոլոր պատգամավորները անհատական իրավունք ունեն մուտք ունենալ բոլոր պետական կառույցներ եւ տեսնել, տեղում ծանոթանալ, ինչպես նաեւ առանձին նամակներ հղել եւ պատասխաններ ստանալ։ Մեզ վերահսկման բազմաթիվ լծակներ են տրված, եւ ես չեմ կարծում, թե դրա անհնարինությունը կա իրավական առումով։ Դրա ցանկության պատճառը գուցե միայն կարող է խոչընդոտ լինել, որովհետեւ հնարավորությունները շատ լայն են, իսկ ցանկություն եւ քաղաքական կամք կա։
-Վերահսկողությունը պատկերացնում եք ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալո՞վ, թե՞ կգնաք եւ տվյալ ոլորտը ներկայացնող նախարարին կհիշեցնեք՝ նման օրենք կա, եւ վերահսկողությունը անմիջական կլինի։
-Ձեր հարցի երկրորդ մասը էդքան էլ տրամաբանական չեմ ընկալում՝ գնալ եւ նախարարին հրահանգել։ Օրենքը կլինի, նախարարը կիրագործի։ Եթե չիրագործի, խորհրդարանական լսումների ժամանակ կհարցադրի այդ մասին։ Պարտադիր չէ, որ այդ հարցերը լինեն ԱԺ ամբիոնից։ Այդ հարցերը կարող են լինել մեր կողմից նամակների տեսքով, դիմումների տեսքով, եւ պատասխանների, եթե սպառիչ լինեն կամ սպառիչ չլինեն, ըստ այդմ գործողությունները կնախատեսվեն։

Դավիթ Մանուկյան` ԲՀԿ
-Պարո՛ն Մանուկյան, նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով նորընտիր օրենսդիր մարմնի մասին, նշեց, որ պետք է ձգտել աշխարհին պարգեւել նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ, նոր կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ։ Օրենսդիրում սա ինչպե՞ս եք պատկերացնում։
-Շատ ողջունելի ա նախագահի ասածը։
-Ինչպե՞ս եք պատկերացնում իրագործումը։ Ի՞նչ պիտի անեք այս մասով։
-Ե՞ս պիտի անեմ։
-Այո՛։ Օրենսդիրին է չէ՞ ուղղված։
-Ո՛չ։ Դա ուղղված է համայն հայությանը, որ, տա Աստված, ապագայում լինեն նաեւ Նոբելյան մրցանակակիրներ։
-Այսինքն` ԱԺ-ն այս մասով բան չունի՞ անելու։
-Բայց ԱԺ-ն ի՞նչ պետք է անի, որ մենք Նոբելյան մրցանակակիրներ ունենանք։ Դա Աստծու տված բարիք ա, որ ես ցանկանում եմ եւ խնդրում եմ Աստծուն` տա մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը նման նվաճումներ ունենա։
-Նախագահն ասաց, որ ձեր գործը միայն օրենքներ ստեղծելը չէ, այլ նաեւ վերահսկելը, որ դրանք իրականություն դառնան։ Ինչպե՞ս եք վերահսկելու։
-Իհարկե։ Դա մեր ամենօրյա աշխատանքն է, մեր հանձնաժողովների աշխատանքն է, որպեսզի իրականացնենք պառլամենտական վերահսկողություն։
-Ավելի շատ պատկերացնում եք, որ պիտի ելույթներ ունենա՞ք այդ մասին, թե՞ կոնկրետ մարդկանց վրա ազդեք վերահսկողությամբ։
-ԱԺ-ն օժտած է լայն վերահսկողական ֆունկցիայով բոլոր պետական գերատեսչությունների նկատմամբ։ Մենք ունենք լայն լիազորություններ։

Ռուբիկ Ստեփանյան` ԼՀԿ
-Ես գտնում եմ, որ ճիշտ է ասել: Երիտասարդությանը պետք է տեղ տալ: Էսօրվա մեր երիտասարդները շատ խելացի են: Մեր ազգը միշտ տվել է ե՛ւ թումանյաններ, ե՛ւ չարենցներ: Հուսով եմ, որ նորից կտա:
-ԱԺ-ն ի՞նչ պետք է անի:
-Ամեն ինչ պետք է անի մեր պետության զարգացման համար, պիտի ամեն ինչ անի, որ ժողովուրդը իրեն լավ զգա: Մենք նոր ենք եղել, փորձում ենք ամեն ինչ անել, որ ժողովուրդ-ԱԺ կապը մշտական լինի:
-Եվ դրա արդյունքում կունենա՞նք այն, ինչ ասում է նախագահը:
-Այո՛:
-Ի՞նչ եք անելու դուք, որ Ձեր կողմից ստեղծված օրենքները կատարվեն: Ինչպե՞ս եք վերահսկելու:
-Օրենքը պետք է գործի: Օրենքները պետք է ղեկավարեն ժողովրդին, ոչ թե հակառակը: Եթե օրենքը գրվում է եւ չի իրագործվում, արդեն առ ոչինչ է այդ օրենքը: Մեր պատմության ընթացքում շատ ժամանակ ժողովուրդն է ղեկավարել օրենքները: Հիմա պետք է տեղերը փոխվեն:
-Եթե պատգամավորը տեսնի, որ օրենքը չի գործում, ի՞նչ պետք է անի: Պիտի ելույթներ ունենա՞, թե՞ կոնկրետ միջամտություն ունենա վերահսկողությանը:
-Պետք է ամեն ինչ անել, որ օրենքը գործի: Ամեն միջոց պետք է օգտագործել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
Երեկ խորհրդարանում չքննարկվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Ինչպես հայտնի է, վեցերորդ գումարման խորհրդարանն ուներ 9 հանձնաժողով, սակայն այս խորհրդարանը կունենա 11 հանձնաժողով, որից 8-ը բաժին կհասնի «Իմ քայլը» խմբակցությանը, 2-ը` ԲՀԿ-ին, իսկ 1-ն էլ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ընդ որում, կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովը տրվելու է ԼՀԿ-ին, ու չի բացառվում, որ նախագահ լինի Մանե Թանդիլյանը։ ԲՀԿ-ին բաժին հասնելիք հանձնաժողովները նոր են՝ ԵԱՏՄ հարցերով զբաղվող եւ Մարդու իրավունքների հարցերով։ Առաջին հանձնաժողովի նախագահը Միքայել Մելքումյանն է, Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովինն էլ` Նաիրա Զոհրաբյանը։ Այս հանձնաժողովի փոխնախագահը կլինի ԼՀԿ-ից։ ԲՀԿ-ն կունենա նաեւ մեկ հանձնաժողովի փոխնախագահ: Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը կլինի Դավիթ Մանուկյանը, որ փոխնախագահ էր նաեւ վեցերորդ գումարման խորհրդարանում:

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՉԿԱ
Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում ընդգրկված 7 հարցից երեկ քննարկվեց եւ քվեարկվեց միայն երկուսը՝ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման եւ ԱԺ նախագահի ընտրության հարցերը։ Այսօր արդեն կկազմակերպվի ԱԺ փոխնախագահների, ապա մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ օրակարգում է նաեւ ՀՀ կառավարության ծրագիրն ու ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծերը։ Սակայն հետաքրքիր է, որ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը դրված չէ շրջանառության մեջ, անգամ պատգամավորներին չի բաժանվել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը նշեց, որ թեեւ նախագծերը դրված են օրակարգում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հենց վաղը քննարկվեն։ Նրա խոսքով` երբ կառավարությունն առաջարկի, այն ժամանակ էլ քննարկում տեղի կունենա։ Իսկ արդեն կառավարության ծրագրի քննարկումը պետք է տեղի ունենա կառավարության կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում։

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ իր թիմի կողմից ստեղծված Երեւան-2800 մշակութային հիմնադրամը առաջիկայում կլուծարվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւան-2800 մշակութային հիմնադրամը հունվարի 11-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան լուծարելու պահանջով: Նշենք, որ չի գործում նաեւ «Yerevan2800.am-ը», որն իր աշխատանքը սկսել էր նախորդ տարվա մայիսի 4-ից: Ավելին, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ընդունել է «Երեւան 2800» մշակութային հիմնադրամի 47 մլն 463 հազար դրամ արժեքով գույքը: Ի դեպ, տվյալ գումարը ծախսվել է Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար շախմատի ժամացույցներ, քարեր, ֆիգուրներ, Երեւանին նվիրված ֆոտոալբոմներ ձեռք բերելու համար:

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼ ԿԻՆԸ
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր կին մասնագետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանուշակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանի օգտին գործողություններ կատարելու` նրան նպաստի համակարգում հաշվառելու եւ այն տրամադրելու դիմաց վերջինիցս ապօրինի վարձատրություն ստանալու համար: 2012թ-ի հուլիս-օգոստոս ամսից մինչեւ 2018թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում նա անձամբ մաս-մաս ստացել է ընդհանուրը` 423 հազար դրամ գումար: Ասել է թե` Սուսաննա Խաչատրյանին 2012թ-ի մայիս ամսից մինչեւ 2018թ-ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դարձրել է նպաստառու եւ նպաստ է տրամադրել:




Լրահոս