Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Պատճառը Վերին Լարսի անցակետի փակվելն է: Իսկ հեղուկ գազի լցակայաններում անվերջ հերթեր են:
Հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ: Նրանց պատմելով` այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: Իսկ լցակայանները, որոնք քիչ քանակությամբ հեղուկ գազ ունեն, վարորդներին կարողանում են վաճառել միայն 5 հազար դրամի չափով, ոչ ավելին: Հեղուկ գազի պակասուրդից դժգոհող վարորդները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ մի քանի ամիս առաջ եւս նույն իրավիճակն է եղել, բայց այդ ժամանակ լցակայաններում նրանց վաճառել են 6 հազար դրամի հեղուկ գազ:
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ միակ պատճառը Վերին Լարսի անցակետի փակումն է եղել:
«Մաքսային ձեւակերպումների խնդիր չի եղել, պատճառը Վերին Լարսի անցակետի փակված լինելն է եղել, խնդիրը զուտ ճանապարհի հետ է կապված: Հեղուկ գազի ներկրողներն ունեցել են պահեստավորված գազ, բայց այս օրերին ստիպված պահեստավորածն են սպառել»,- նկատեց մասնագետը: Զրույցի ընթացքում Մկրտիչ Տիգրանյանը նշեց նաեւ, որ Լարսի անցակետը երեկ բացվել է, եւ տեղեկություններ կան, որ հեղուկ գազի մեքենաները սկսել են շարժվել առաջ: Ապա հույս հայտնեց, որ այսօր կամ վաղը լցակայանները հեղուկ գազի խնդիր չեն ունենա:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք պակասուրդը կազդի՞ հեղուկ գազի գնի վրա, «Էքսպերտ Թեչ»-ի ներկայացուցիչը բացառեց` պատճառաբանելով, որ հեղուկ գազի շուկայում մոնոպոլիա չկա, դաշտը մրցակցային է: Բայց միաժամանակ նկատեց, որ հեղուկ գազի սակագինը կապված է դոլարի փոխարժեքի հետ: Մեր զրուցակցի խոսքերով` նրանց լցակայաններում, որոնք Իրաքից են հեղուկ գազ ներմուծում, հեղուկ գազի պակասուրդ չի արձանագրվել: Իսկ հանրապետությունում ընդամենը մի քանի լցակայաններ են, որոնք Իրաքից բերված հեղուկ գազ են վաճառում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու արդյունքում խնդիրներ են ունեցել: Հիմնականում վարորդները խուսափում են իրանական գազ օգտագործել, անգամ նրանք իրենց ավտոմեքենայի համակարգը ստիպված են եղել քանդել եւ նորից մոնտաժել:
«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի խոսքերով` հանրապետությունում ավելացել է այն վարորդների թիվը, որոնք սկսել են օգտագործել հեղուկ գազ: «Մոտ 80 տոկոսը հիմա հեղուկ գազի համար նախատեսված գազաբալոն է տեղադրում իր մեքենայի մեջ, քանի որ այն շահագործման համար ավելի նպատակահարմար է, որակյալ է, խնդիրներ չի առաջացնում: Մեքենան չի փչանում, քան սեղմված բնական գազ օգտագործելու դեպքում: Միանշանակ է, որ հեղուկ գազի սպառումը վերջին տարիներին կտրուկ ավելացել է»,- փոխանցեց մասնագետը: Ապա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում հատկապես վերջին մեկ տարում հեղուկ գազի լցակայանները սնկի պես աճում են:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԴՄ տրամադրելու հորդորներին ընդառաջ` որոշ գազալցակայաններում սկսել են ՀԴՄ տալ: Բայց չնայած սրան` վարորդները պնդում են, որ գազը քիչ են լիցքավորում: Հուսանք համապատասխան մարմինը` Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ի վերջո կսկսի աշխատել` մանրազնին ստուգելով գազալցակայանների եւ բենզալցակայանների գործունեությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ