Ի՞ՆՉԸ ԿՊԱՀՊԱՆԻ ԵՎ Ի՞ՆՉԸ ԿԶԻՋԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կառուցվածքի վերաձեւավորման արդյունքում նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Նախատեսվում է, որ Մշակույթի, Սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության եւ գիտության նախարարությանը։ Նշվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու է «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը»: Հունվարի 14-ից 7-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքները, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծն արդեն դրված է շրջանառության մեջ:

Ի վերջո, կառուցվածքային ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Մշակույթի նախարարությունը, ո՞ր վարչությունները, ո՞ր բաժինները կշարունակեն իրենց գործունեությունը նոր կառույցում եւ որոնք՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել են ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը եւ հունվարի 14-ից մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը (Լիլիթ Մակունցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, մշակույթի արդեն նախկին նախարարը):
Այսպիսով, նրանք նախ շեշտեցին, որ Մշակույթի նախարարությունը լուծարելու վերաբերյալ վերջնական որոշում, բնականաբար, չկա, բայց ենթադրվում է, որ նոր կառույցում իրենց գործունեությունը կշարունակեն Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունը, Ժամանակակից արվեստի վարչությունը, Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ ինչ վերաբերում է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը, Նազենի Ղարիբյանի խոսքով` դեռեւս հայտնի չէ՝ այն իր գործունեությունը կծավալի նոր կառույցի, թե, օրինակ, Քաղաքաշինության կոմիտեի ենթակայության ներքո: Փոխարենը ձուլման վտանգի առջեւ են կանգնած «ոչ մասնագիտական» վարչությունները, բաժինները, օրինակ` Մշակութային ծրագրերի եւ մոնիտորինգի, Արտաքին կապերի, Իրավաբանական, Ֆինանսատնտեսագիտական, Գործերի կառավարման վարչությունները, Հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Օժանդակ վարչություններն ու բաժինները, որոնց գործառույթները միավորման դեպքում կհամընկնեն տվյալ գերատեսչության գործառույթների հետ, կկրճատվեն: Բայց դեռեւս հնարավոր չէ հստակ նշել, թե միավորման արդյունքում քանի հաստիք, քանի աշխատատեղ կպահպանվի, ովքեր կմնան իրենց պաշտոնին եւ ովքեր կլքեն այն»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Գալստյանը:
Նազենի Ղարիբյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ արվեստին վերաբերող բոլոր վարչությունները կշարունակեն իրենց գործունեությունը, իսկ սպասվող օպտիմալացումն էլ միանշանակ ի վնաս Մշակույթի նախարարության աշխատակիցների չի լինի. միավորման պարագայում կշարունակեն աշխատել այն գերատեսչության մասնագետները, որոնք մրցունակ են:
«Մեր նախարարությունը ձուլվողի դերում չէ. եթե մեզ մոտ որեւէ գործառույթ ավելի ուժեղ լինի, քան այն նախարարության կազմում, որին միանանք, ապա կպահպանվի մերը, իրենց աշխատանքը կշարունակեն հենց մեր մասնագետները: Ամեն որոշում կկայացվի աշխատուժի հզորությունը ստուգելու, համապատասխան բանակցությունների արդյունքում: Նոր կառույցի կազմում էլ նախարարության բյուջեն կմնա նույնը»,-շեշտեց տիկին Ղարիբյանը:
Հարցին, թե Մշակույթի նախարարության լուծարման վերաբերյալ հնարավո՞ր է արդեն նշել ժամկետներ, տիկին Ղարիբյանը պատասխանեց. «Սա երկարատեւ գործընթաց է, օրերի հարց չէ, հստակ ժամկետներ նշել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ եւ բողոքի ակցիա էին իրականացնում օպտիմալացման հետեւանքով Մշակույթի նախարարությունը այլ նախարարությունների միացնելու նախաձեռնության դեմ: Ինչպես տեսնում ենք, նրանք որեւէ շոշափելի արդյունքի չեն հասել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԾՆՎԵԼ Է ԱՌԱՋՆԵԿԸ


2018թ. դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ծնվել է քաղաքացիներ Վարդան Շիրվանյանի եւ Աննա Մելքոնյանի առաջնեկը` Նիկոլ Շիրվանյանը: Երեխայի ծնողները 18 տարի շարունակ պայքարել են երեխա ունենալու համար, սակայն չեն կարողացել: Հեղափոխության օրերին երեխայի մայրը մտածել է` եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա եւ հաղթի, ապա նա կհղիանա: Փաստորեն այդպես էլ եղել է: Զույգը որոշել է, անկախ երեխայի սեռից, նրան անվանել Նիկոլ` ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այնուամենայնիվ, ծնվել է տղա երեխա:




Լրահոս