Դժգոհությունները ստիպում են երկար քննարկել. իշխող ուժը կադրերի հարցում խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի օրակարգում 7 հարց է ընդգրկված, դեռ շարունակվում է: Այսօր խորհրդարանը կավարտի օրակարգային հինգ հարցերի քննարկումը, իսկ ահա վերջին երկու հարցերը քննարկվելու են ավելի ուշ։
Բանն այն է, որ այս նստաշրջանն ավարտվում է կառավարության ծրագրի հաստատմամբ, այսինքն՝ ամբողջ օրակարգի սպառմամբ: Սակայն ԱԺ կանոնակարգով հստակ սահմանված է, որ առաջինից հինգ հարցերը պետք է ամենօրյա ռեժիմով քննարկվեն: Այդպես էլ արվում է: Միաժամանակ խորհրդարանը դադար է վերցնելու ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկումից հետո: Ավելի ուշ կանցնի մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին եւ կառավարության ծրագրին:

Հենց այս հանգամանքն էլ վերջին օրերին տարակուսանք էր առաջացրել նաեւ պատգամավորների մոտ, որոնք կարծում էին, թե վերջին երկու հարցերն էլ քննարկվում են իրար հետեւից։ Սակայն Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս ընթացակարգի մեջ ոչ մի սխալ չկա, եւ կառավարության ծրագրի քննարկումը ներառվել է օրակարգում օրենքի պահանջով, իսկ կառուցվածքային փոփոխությունների հարցը՝ կառավարության առաջարկով, եւ քննարկվելու է կրկին գործադիրի հայեցողությամբ։

Իսկ ի՞նչ է ենթադրում օրենքը: Նախ նկատենք, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծը դեռեւս պատրաստ չէ։ Երեկ այս փաստին կառավարության նիստում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, թե մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդը չի նշանակվի:

«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձեւավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչեւ վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է, եւ ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն եւ կանխատեսելի ճանապարհով»,- նշել էր վարչապետը։

Սակայն նկատենք, որ կառավարությունում փոփոխությունների մասին վարչապետը խոսել էր դեռ օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարան 100 օրվա ամփոփման ժամանակ՝ հանրահավաքում ելույթ ունենալիս, սակայն փաստացի գործընթացը դանդաղում է, ինչը նշանակում է, որ դժգոհություններ են առկա։ Նախ հղում անելով Սահմանադրության 150-րդ հոդվածին` նշենք, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան»։
Իսկ հոդված 151-ն էլ սահմանում է կառավարության ծրագրի հետ կապված մանրամասները։

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ընդգծենք, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մամուլի ձեռքում էր հայտնվել արդեն նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ, ով հրապարակել էր նախագծի աշխատանքային տարբերակը։ Սակայն իշխանության ներկայացուցիչները շտապեցին ընդգծել, թե դա միայն աշխատանքային տարբերակն է, որը պետք է լայն քննարկումներ անցնի բոլոր նախարարություններով։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ նախագիծը վերջնականապես պատրաստ չէ, քանի որ մի քանի միացումների շուրջ տարընթերցումներ եւ անհամաձայնություններ են եղել եւ անգամ հենց իշխող ուժի ներսում։

Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության միացման մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը եւս վերջնականապես որոշված չէ, եւ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, եւ չի բացառվում, որ այդ որոշումն էլ չեղյալ համարվի։ Մեր տեղեկություններով` իշխող ուժը խնդիրներ ունի նաեւ կադրերի հարցում եւ ցանկանում է իսկապես պրոֆեսիոնալների հնարավորություն տալ։

Երեկ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը ԱԺ չի ուղարկել կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, նկատեց, թե կառավարությունը չի ուզում հապշտապ նախագիծ բերել, ամբողջական փաթեթը պատրաստ կլինի, կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը: Հարցին, թե կառավարության դիրքորոշումը դեռ հստակ չէ՞ կառուցվածքի փոփոխության հարցում, Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այն փաստը, որ նախագիծը դեռ չի եկել խորհրդարան, հիմք է տալիս ենթադրելու, որ դեռ պատրաստ չէ: Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ կառավարությունը այդ նախագիծը խորհրդարան չուղարկի, քանի որ օպտիմալացման գաղափարը նաեւ իրենց նախընտրական ծրագրի հիմքում է եղել:

Հ.Գ. Մինչ այդ նկատենք, որ ՀՀ վարչապետի առաջարկով` ՀՀ նախագահը նշանակել է երկու փոխվարչապետներին՝ Տիգրան Ավինյանին ու Մհեր Գրիգորյանին, իսկ նախարարները դեռ նշանակված չեն: Ավանդույթի համաձայն` սովորաբար առաջինը նշանակվում են պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, իսկ մյուսների հարցը որոշվում է ավելի ուշ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս