
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունն անցկացրել է այս տարվա առաջին Գործադիր մարմնի նիստը: Եվ չնայած ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե նման փոփոխության անհրաժեշտություն չկա:
Եվ չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառվում էր նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը, սակայն պարզվում է` կուսակցության օրակարգում այդպիսի ծրագիր եւս չկա:
«Մենք ենք ընտրել, համագումարն է ընտրել նրան, պարոն նախագահն ունի ասելիք և անելիք: Մենք ասել ենք՝ չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, մեր պայքարը հանուն է՝ Արցախի և Հայաստանի շահի: Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը ամբողջությամբ չի սպասարկում և՛ մեր, և՛ Արցախի շահերը: Բնականաբար, քննադատում ենք, ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմինը կազմված է եղել 20 անդամից, սակայն վերջերս կուսակցության շարքերը լքել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ըստ այդմ այժմ ԳՄ կազմը 18 հոգի ունի: Ընդ որում, կուսակցության պաշտոնական կայքում վերը նշված երկու անձինք դեռեւս ներկայացված են որպես Գործադիր մարմնի անդամներ: