ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման մասին պարզաբանում տարածելիս մեղադրանքներ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին, թե իբր ՄԻԵԴ որոշումը սխալ են մեկնաբանում, հանրային կարծիքը մանիպուլյացիայի են ենթարկում ու քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետում:
«Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը առանց որեւէ իրավունքի խախտման փաստի արձանագրման պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին եւ բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում»,- նշված է դատախազության պարզաբանման մեջ: Միայն թե իրականում հենց դատախազությունն է փորձում մանիպուլյացիա անել հանրային կարծիքի հետ, իսկ պատասխանատվությունը բարդում է լրատվամիջոցների վրա:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց 2012-2013 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներակայացուցչի տեղակալ, ԼՂՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին:
-Պարո՛ն Մելիքյան, այսօր (երեկ- հեղ.) ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի գործով, որի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, հայտարարություն է տարածել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Առաջինը կցանկանայի նշել, որ Եվրոպական դատարանը սովորաբար չի հրապարակում միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումները, եւ այս դեպքում եւս լրատվության աղբյուրը Եվրոպական դատարանը չէ, այսինքն` մենք չենք կարող գտնել Եվրոպական դատարանի կայքում այս որոշումը, եւ այս տեսանկյունից պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք իրականում մի որոշման հետ, որի բովանդակությունը մեզ հայտնի է երեկվա փաստաբանական խմբի հայտարարությունից: Բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք է այն, որ դատախազության հայտարարությունը, իմ պատկերացմամբ, քանի որ այնտեղ խոսք էր գնում ինչ-որ մարդու ապատեղեկատվությունների մասին, ինչ-որ խմբերի մասին, ինչ-որ մանիպուլյացիաների տերմինը հայտարարությունից է, ես կարծում եմ, որ առաջին հերթին դատախազության հայտարարությունը քաղաքական բնույթ էր կրում, ինչը անհասկանալի է: Ավելի շատ քաղաքական բնույթի հայտարարությունները քաղաքական գործիչները պետք է մեկնաբանեն: Միեւնույն ժամանակ դատախազության այդ հայտարարության մեջ իրավական հատվածը ներկայացված էր ոչ ամբողջական: Մասնավորապես տպավորություն էր ստեղծվում, որ այս միջոցի կիրառումը սովորական պրակտիկա է Եվրոպական դատարանում, ինչը այդպես չէ: Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում կարող եք գտնել փաստաթղթեր, որը բացատրում է, թե ինչ է միջանկյալ միջոցը, եւ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, թե սա բացառիկ միջոց է այն դեպքում, երբ իրական վտանգ կա` անձանց կյանքի եւ անվտանգության հետ կապված: Հայաստանի վերաբերյալ վիճակագրական տվյալներով` 2014-2017 թվականներին կայացվել է ընդամենը 5 միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում, այն էլ` քաղաքական բաղադրիչ չունեցող գործերով, եւ այդ գործերը հիմնականում վերաբերել են արտահանձմանը: Այսինքն` այս առումով ես շարունակում են պնդել, որ այս որոշումը աննախադեպ էր` առաջինը` գործի քաղաքական բաղադրիչը հաշվի առնելով, երկրորդը` գործի բնույթը հաշվի անելով, որ սովորական քրեական հետապնդմանն է վերաբերում, այլ ոչ թե մի երկիր հանձնելուն կամ արտաքսելուն: Ես երբ աշխատել եմ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի տեղակալ. 2012-2013 թվականերին որեւէ նման որոշում չի կայացվել :
– Այս դեպքում ինչի՞ էր ուզում հասնել ՀՀ գլխավոր դատախազությունը` որակումներ տալով մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու այս որակումներով, փորձում էր իրավիճա՞կը փրկել կամ սեփական համակարգի խայտառակությո՞ւնը:
-Ցավալի էր, որ դատախազությունը այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ, կարծես թե, որոշման համար որեւէ հիմք չկար, քանի որ մեր պատկան մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են տվյալ դեպքում Մայրապետյանի հետ կապված գործի շրջանակներում: Բա եթե այդքան ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է այդքան ամեն ինչ վատ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ