ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 116 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ: Մինչ այդ հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրված էր որպես ԱԺ նախագահի տեղակալ:
Այդ ժամանակ նա ստացել էր 19 կողմ ձայն: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո ԼՀԿ-ն նրան էր գործուղել Փաշինյանի կառավարություն, եւ Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ստացվում է` միայն ԱԺ-ում Մանե Թանդիլյանը միաժամանակ հավակնում էր երկու պաշտոններին էլ: Եվ պատահական չէր, որ երեկ էլ խորհրդարանում հարցեր ուղղելիս պատգամավորները եւս նկատեցին այն փաստը, որ նա ընդամենը երկու օր առաջ նույն ամբիոնում այլ կարգավիճակում էր:
Ստացվում է` կա՛մ խմբակցությունում կարեւոր պաշտոնների համար այլ հարմար թեկնածու չունեն, կա՛մ էլ նրանք շատ լավ էլ հասկանում էին, որ Մանե Թանդիլյանը չի ընտրվի որպես ԱԺ փոխնախագահ, եւ այս ամենը ուղղակի քաղաքական հնարք էր: