Մանվել Գրիգորյանի հարցով ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի. ինչ է սպասվում Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 16-րդ կոնվենցիայի վավերացումը իրավիճակ է փոխել ՄԻԵԴ ներկայացվելիք գործերի քննության ժամկետների հարցում: Բանն այն է` եթե նախկին իշխանության ժամանակ մարդիկ տարիներով սպասում էին, թե ինչ որոշում կկայացներ ՄԻԵԴ-ը, ապա հիմա` ամենաուշը մեկ տարի անց, ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի:

Առաջին օպերատիվ որոշումը

Ինչպես հայտնի է, հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն` համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ բժիշկ մասնագետների, Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես, տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա` այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաեւ Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել` 41-րդ Կանոնի համաձայն` հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը նաեւ ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաեւ զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման: Չնայած Սամվել Մայրապետյանի հարցը կապված էր հայցի ապահովվման հետ, սակայն արձանագրեցինք, որ ՄԻԵԴ-ը բավականին արագ եւ օպերատիվ արձագանքեց իրավիճակին, ինչը կապված է այլ հանգամանքների հետ:

Այն, որ նախկինում նման քրեական գործերով մեղադրյալները տարիներով սպասում էին, թե ինչ որոշում պետք է կայացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իրենց ոտնահարված իրավունքների վերաբերյալ, գաղտնիք չէ ոչ ոքի: Մասնավորապես,

«Նորքի զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջականի վերաբերյալ եւս դիմում էր եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն այդ որոշման պատասխանին սպասում էին տարիներով:

Այսպիսով, եթե նախկինում մարդիկ ազատազրկման էին դատապարտվում կամ առողջական խնդիրների հիմնավորմամբ դիմում էին ՄԻԵԴ, որպեսզի իրենց ոտնահարված իրավունքները վերականգնեն, իսկ, ահա, ՄԻԵԴ-ը որոշում էր կայացնում 7 տարի, 10 տարի անց, ապա 2016 թվականի հայտնի արձանագրության վավերացումից հետո իրավիճակ է փոխվել:

Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների 94 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ համամասնությամբ վավերացրել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ թիվ 16 արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Արձանագրության նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ազգային իշխանությունների միջեւ փոխգործակցության մակարդակը` ընդլայնելով Դատարանի սուբսիդիարության սկզբունքի իրագործումը:

Արձանագրությամբ նախատեսված հիմնական փոփոխություններն են.

«1. Բարձր պայմանավորվող Կողմի բարձրագույն դատարաններն ու տրիբունալները, որոնք նշանակված են 10-րդ հոդվածին համապատասխան, կարող են դիմել Դատարան Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար:

2. Խորհրդատվական կարծիք ստանալու համար Դատարան հարցում ներկայացնելու իրավունք ունեցող դատարանների եւ տրիբունալների կազմը որոշելիս նպատակ է դրվել անդամ պետությունների համար ապահովել անհրաժեշտ ճկունություն եւ ազատ ընտրության հնարավորություն` բարձրագույն դատարանների կազմը չսահմանափակելով միայն տվյալ երկրի սահմանադրական եւ գերագույն դատարաններով, այլ նաեւ այլ` որոշակի կատեգորիայի գործերի համար բարձրագույն դատարաններին եւ տրիբունալներին նույնպես հնարավորություն ընձեռել հայցելու խորհրդատվական կարծիք: Հիշյալ Արձանագրության 10-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ ինքն է նշում այն դատարանները եւ տրիբունալները, որոնք կարող են հայցել խորհրդատվական կարծիք, եւ կարող է ցանկության դեպքում համապատասխան կարգով եւ ընթացակարգով փոփոխել այդ դատարանների եւ տրիբունալների ցանկը: Ընդ որում, հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը կարող է դիմել խորհրդատվական կարծիքի համար միայն իր կողմից քննվող գործի շրջանակներում»:
Ու այսօր`ամենաուշը մեկ տարի անց, ՄԻԵԴ-ը ավելի օպերատիվ կերպով որոշում կարող է կայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Դաս իրավապահ համակարգին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Սամվել Մայրապետյանի այս որոշումը, ըստ էության, պետք է դաս լինի նախաքննական մարմինների համար` ի դեմս քննիչների, գործը վերահսկող դատախազների, ինչպես նաեւ դատարանների, քանի որ իրենց կողմից չհիմնավորված կալանավորումների, քրեական գործերի վերաբերյալ հետագայում ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետւթյան կայացրած որոշումների համար պատասխանատվության առաջ են կանգնելու հենց իրենք: Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանի քրեական գործը քննող քննիչը, գործը վերահսկող դատախազը եւ կալանքի տակ վերցրած դատավորը մինչ այդ իրենց ձեռքում ունեցել են այդ փաստաթղթերը, որ Սամվել Մայրապետյանը ունի առողջական խնդիրներ, սակայն այդ ամենը աչքաթող անելով` նրան կալանքի տակ են վերցրել, եւ միայն 5 ամիս անց այս գործը քննող 6-րդ դատավորը` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարիտրոսյանը, հիմք ընդունելով առողջական վիճակը, նրան 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց:

Մանվել Գրիգորյանի հարցով ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը նույն որոշումը նաեւ կայացնելու է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատ է, քան Սամվել Մայրապետյանինը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս