Ազգային ժողովի խրոնիկա. վեց գումարումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանկախ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ ամենաքիչ թվով խմբակցություն ունի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված յոթերորդ գումարման խորհրդարանը: Թեեւ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 ուժ, սակայն անցողիկ շեմը հաղթահարեց 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
Փորձենք հետադարձ հայացք ձգել ու պարզել, թե ինչ կազմ են ունեցել Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանները:

Առաջին գումարման ԱԺ-ն ձեւավորվեց 1995թ.: Այն ժամանակ խորհրդարանն ուներ 190 պատգամավոր, որից 150-ը մեծամասնական, 40-ը` համամասնական ընտրակարգով: Խորհրդարանում ներկայացված էր 5 քաղաքական ուժ: Առաջատարը «Հանրապետություն» միավորումն էր, որն իշխող ՀՀՇ-ի եւ ՀՀԿ, ՀՌԱԿ, ՀՔԴՄ, ՍԴՀԿ կուսակցությունների դաշինք էր: Իր մեծությամբ երկրորդը «Շամիրամ» կուսակցությունն էր, այնուհետեւ հաջորդում էին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը: Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը` 31 պատգամավորով: Եւս 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում:

Նշենք, որ խորհրդարանական հինգ խմբակցություններից երեքն ընդդիմադիր էին, իսկ «Շամիրամ» կուսակցությունը թեեւ իշխանության մեջ չէր, բայց սատարում էր այն ժամանակվա գործող իշխանության քաղաքական գծին:
Երկրորդ գումարման խորհրդարանը ձեւավորվեց 1999թ.: ՀՀ ԱԺ-ն, 1995թ. հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության համաձայն, բաղկացած էր արդեն 131 պատգամավորից: Օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել էին 6 քաղաքական ուժ՝ ՀՀԿ եւ ՀԺԿ կուսակցությունների «Միասնություն» դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, ՀՅԴ, ՕԵԿ, ԱԺՄ կուսակցությունները:

6 քաղաքական ուժ էր ներկայացված նաեւ երրորդ գումարման ԱԺ-ում, որ ձեւավորվեց 2003թ: Օրենքով սահմանված 5 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարել էին ՀՀԿ-ն, որն, ի դեպ, առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր առանձին: ԱԺ անցողիկ շեմը հաղթահարեցին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ազգային միաբանությունը» եւ «Միավորված աշխատանքային կուսակցությունը»: Նկատենք, որ առաջին անգամ 2003թ. Հայաստանում իշխանությունը ձեւավորվեց կոալիցիոն սկզբունքով. ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին:

Չորրորդ գումարման խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը մեկով պակաս էր. այն ձեւավորվել է 2007թ.: Չորրորդ գումարման ԱԺ-ն ունեցել է 5 խմբակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»: Ընդ որում, այդ խորհրդարանում ընդդիմադիր էր միայն «Ժառանգություն» կուսակցությունը, մյուս չորս կուսակցությունները կոալիցիա էին կազմել:

2012թ. ընտրությունների արդյունքում ձեւավորվեց հինգերորդ գումարման խորհրդարանը, որտեղ եւս վեց խմբակցություն էր՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Եւս 2 հոգի չընդգրկվեց որեւէ խմբակցության կազմում:

Նկատենք, որ առաջին հինգ խորհրդարանները ձեւավորվել են նախագահական կառավարման համակարգի պայմաններում: Միաժամանակ ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում էր երկու ընտրակարգ՝ մեծամասնական եւ համամասնական, որի հարաբերակցությունը տարիների ընթացքում փոփոխվել է:

Եթե երկրորդ եւ երրորդ գումարումների խորհրդարանն ուներ 75 մեծամասնական եւ 56 համամասնական պատգամավոր, ապա արդեն չորրորդ գումարման խորհրդարանում մեծամասնական ընտրակագով պատգամավորական տեղերը նվազեցվեցին. 90 հոգի համամասնական, 41 հոգի մեծամասնական ընտրակարգով էին ընտրվել: Նույն հարաբերակցությունը պահպանվեց նաեւ հինգերորդ խորհրդարանի դեպքում: Սակայն այս ողջ ընթացքում համամասնական ընտրակարգի դեպքում նույնն է մնացել ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում` 5, դաշինքների դեպքում՝ 7 տոկոս:

2015թ. սահմանադրական հանրաքվեով փոփոխվեց կառավարման համակարգը, եւ երկիրն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի: Միաժամանակ, փոփոխվեց խորհրդարանի ձեւավորման կարգը, եւ համամասնական ընտրակարգին զուգահեռ ներդրվեց, այսպես կոչված, «վարկանիշային համակարգը», որը, չնայած մի շարք էական տարբերություններին, իր բնույթով որոշակի նմանություն ուներ մեծամասնական ընտրակարգի հետ:

Վեցերորդ գումարման ԱԺ-ն ձեւավորվեց 2017թ. ընտրությունների արդյունքում. նոր սահմանադրության համաձայն` ուներ 105 պատգամավոր (ՀՀ Սահմանադրությունում պատգամավորների հստակ թիվ սահմանված չէ, միայն նշված է նվազագույն քանակը` 101 հոգի): Խորհրդարանում 4 քաղաքական ուժ էր ներկայացված` երկու կուսակցություն` ՀՀԿ ու ՀՅԴ, եւ կուսակցությունների երկու դաշինք` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներ: Վեցերորդ գումարման ԱԺ-ն միակն էր, որ արձակվեց ժամկետից շուտ՝ 2018թ. գարնանը, ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում:

Ու, փաստորեն, յոթերորդ գումարման ԱԺ-ում, որն ունի 132 պատգամավոր, ներկայացված ուժերի թիվը շատ ավելի քիչ է՝ ընդամենը երեքը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելիս՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, շատ էր խոսվում կուսակցությունների խոշորացման մասին, սակայն այս խորհրդարանում ամենաքիչ թվով քաղաքական ուժերի ներկայացվածությունը դեռ հիմքեր չի տալիս ենթադրելու, որ կուսակցությունները գնում են խոշորացման ճանապարհով: Նախ՝ կուսակցությունների միավորման գործընթաց, որպես այդպիսին, չկա, եւ, բացի այդ, ԱԺ-ում ընդամենը երեք քաղաքական ուժի ներկայացվածությունը խոսում է այն մասին, որ 2018թ. գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետեւանքով քաղաքական տրամադրությունների փոփոխման արդյունքում ընտրողների մեծամասնությունը` 70.42 տոկոսը, գերադասեց ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին, եւ եւս երկու կուսակցության հաջողվեց հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս