Ես երբեք մուտք չեմ գործի քաղաքականություն, մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա. Մհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Մհերը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, երգիչը խոսել է իր սովորությունների, նախասիրությունների, իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին: Նա խոստովանել է, որ մարդկանց շուտ է ներում եւ դրա համար երբեմն տուժում է: Երգիչն անդրադարձել է նաեւ իր անդառնալի կորուստներին եւ իր մասին լսած ամենազավեշտալի բամբասանքին: Մեր բաց եւ անկեղծ խոսակցությունը ներկայացնում ենք ստորեւ:

-Մհե՛ր, ո՞ր տարիքից սկսած եք հիշում Ձեզ, եւ ո՞րն է Ձեր առաջին մանկական հիշողությունը:

-Ես ինձ հիշում եմ երկուսուկես տարեկանից եւ անմիջապես հետեւյալ պատկերն է մտքիս գալիս. ես փոքր եմ, հագել եմ ճռճռան սանդալներ, մեր շենքից գնում եմ պապիկիս շենք` հինգերորդ հարկ, աստիճանները բարձրանալիս քայլում եմ պատի կողմով, որպեսզի հանկարծ չընկնեմ: Հորեղբայրս էր այդպես սովորեցրել: Արդյունքում մի ուսս քսվել է պատին, եւ հետք է թողել շորիս վրա:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել՝ չարաճճի՞, թե՞ ավելի խելոք:
-Ոչ, չարաճճի չեմ եղել: Խելացի էի, դաստիարակված, աշխույժ, երաժշտասեր: Միշտ եղել եմ լիդերի, կազմակերպողի դերում` սկսած մանկապարտեզից: Մասնակցել եմ տարբեր հանդեսների, միջոցառումների:

– Եղե՞լ է Ձեր արտաքին տեսքին առնչվող մի բան, որը Ձեզ բարդույթավորել է. ի՞նչն եք ցանկացել փոխել Ձեր արտաքինում:

-Տարբեր տարիքներում տարբեր կերպարներով եմ ներկայացել հանդիսատեսին: Երբ նոր էի եկել Հայաստան, երկար մազերով էի, հետո կերպարանափոխվեցի: Բայց չի եղել մի բան, որից ես կոմպլեքսավորվեմ:

-Շուտ եք քնում, շուտ արթնանո՞ւմ, թե՞ ուշ քնում եք, ուշ էլ արթնանում:

-Միշտ ուշ եմ քնում, բայց օրը գիտի՝ վաղ կարթնանամ, թե ավելի ուշ:

-Ունե՞ք մի սովորություն, որից կցանկանայիք հրաժարվել:

-Այն, ինչ կասեմ, ավելի շատ կենսաձեւ է, քան սովորություն. մարդկանց հեշտությամբ եմ ներում: Բացի դավաճանությունից` գրեթե ամեն ինչ ներում եմ: Դա երբեմն վնասում է ինձ: Իսկապես չեմ կարողանում ձերբազատվել դրանից:

-Սովորաբար հեռանում եք միանգամից եւ կտրո՞ւկ, թե՞ երկար ծանրութեթեւ եք անում:

-Դա կախված է այն բանից, թե ումից եմ հեռանում եւ ինչ պարագայում: Իհարկե, կարող եմ կտրուկ որոշումներ կայացնել, օրինակ՝ որոշել, որ տվյալ մարդու հետ այլեւս չեմ շփվելու, բայց լուրջ որոշումներ կայացնելիս տասը չափում եմ, մեկ կտրում:

-Ձեր կյանքի ամենադժվար փուլն ինչի՞ հետ է կապված եղել, եթե, իհարկե, կցանկանաք այդ մասին խոսել:

-Ինձ համար անդառնալի է եղել երեք մարդու կորուստ՝ վոկալի դասախոսիս, քեռուս եւ տատիկիս: Վերջինս օրերս է հեռացել կյանքից…

-Եթե երբեւէ մոտք գործեք քաղաքականություն, ուրեմն…

-Ես երբեք մուտք չեմ գործի քաղաքականություն. մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա: Քաղաքականության հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ. դա իմ ոլորտը չէ, ինձ չեմ տեսնում այդտեղ: Ես երաժիշտ եմ, երգիչ, արտիստ եւ պետք է իմ գործով զբաղվեմ, այն բանով, ինչի համար կոչված եմ: Իմ գործը մարդկանց ժպիտներ պարգեւելն է, ես ինձ բեմի վրա շատ լավ եմ զգում:

-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Երբ նոր էի եկել Հայաստան, ասում էին, թե մեծահարուստի տղա եմ, բայց դա այդպես չէ, թեեւ վատ չէր լինի (ծիծաղում է): Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ երաժիշտ ծնողներ: Հայրս երաժիշտ է եւ, այո՛, հարուստ է իր հոգով, սրտով եւ զավակներով:

-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:

-Ես չեմ սիրում դա, կխուսափեմ: Թող ուրիշներն ինձ բնութագրեն:

-Ո՞րն է բոլոր ժամանակների Ձեր ամենասիրելի մուլտֆիլմը:

-Երկուսն են՝ «Դե՛ սպասիր», «Թոմ եւ Ջերի»:

-Ո՞րն է բոլոր ժամանակների տղամարդկանց համար լավագույն գյուտը:

-Արդուկը (ծիծաղում է):

-Եթե փախչել բոլորից, ուրեմն դեպի…

-Դեպի տուն…

Աննա Բաբաջանյան




Լրահոս