Ո՞ւր է կորել Անդրե Սիմոնյանը և ինչո՞վ է այժմ զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոք երգիչ, կիթառահար Անդրե Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ երաժշտական ասպարեզում չի երեւում: Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ո՞ւր է Անդրեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: Պարզվում է՝ երգիչը տարվա կես մասը լինում է Հայաստանում, մյուս կեսը՝ Մեծ Բրիտանիայում:

«Տարվա կեսը ապրում եմ Լոնդոնում, իմ ընտանիքն է այնտեղ, բացի այդ՝ իրականացնում եմ մի նախագիծ, որն արդեն երեք տարվա կյանք ունի: Ասեմ, որ այն արվեստի հետ որեւէ կապ չունի. բիզնես-նախագիծ է, որը պահանջում է, որ գոնե վեց ամիս Անգլիայում լինեմ: Եվ այնպես է ստացվել, որ տարին 4-5 անգամ գնում եմ, մեկ ամիս մնում եմ եւ վերադառնում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Անդրեն:

Հարցին, թե հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո որոշի մեկընդմիշտ բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում, Անդրեն պատասխանեց. «Ոչ, ես այնտեղից եմ տեղափոխվել Հայաստանում ապրելու եւ չեմ զղջում, կարծում եմ՝ դա կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել: Եվս 2-3 տարի այս ռիթմով կաշխատեմ եւ հետո կվերադառնամ հայրենիք: Հայաստանում էլ ունեմ մի ընկերություն, որի համահիմնադիրներից եմ, այն էլի երգարվեստի հետ որեւէ կապ չունի: Ի դեպ, ասեմ, որ հենց այդ ընկերությունն էր զբաղվել այն մեքենայի դիզայնով, որով հեղափոխության օրերին շրջում էր Նիկոլ Փաշինյանը, եւ որը դառնում էր բեմ»:

Մենք հարցրինք՝ «The Beautified Project»-ի գործունեության դադարից հետո ստեղծագործական կյանքում ի՞նչ փուլ է. «Դրանից հետո ավելի կրեատիվ եմ դարձել, սկսել եմ տանը ստեղծագործել: Երեք-չորս շաբաթից կթողարկեմ մի երգ, որը նվիրված է բոլոր այն արտիստներին, որոնցից ոգեշնչվել եմ, եւ որոնք արդեն ողջ չեն: Երգի հեղինակը ես եմ, կներկայացնեմ նաեւ տեսահոլովակ»,-տեղեկացրեց Անդրեն:

Երգիչը 2019-ին կթողարկի նաեւ 10 դուետով ալբոմ` տարբեր ժանրերի կատարողների հետ, տարբեր երկրներից: Սպասվում է նաեւ մի «նկուղային» նախագիծ՝ «Կավիճ» խմբի հիմնադիր, երաժիշտ Վաչե Ղարիբյանի հետ: Այն ոչ կոմերցիոն նախագիծ է՝ «Իմ ամենամութ գաղտնիքը» խորագրով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս