Երեւանի քաղաքապետարանի կայքէջում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի անվան դիմաց ոչինչ չկա, դատարկ է: Երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները դեռ չկան` չնայած այն բանին, որ նա հոկտեմբերի 27-ից նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Սա, իհարկե, պատահական չէ:
ArmLur.am-ը ուսումնասիրել էր Կարապետյանի կենսագրությունը եւ պարզել, որ նախքան թաղապետի պաշտոնը զբաղեցնելը նա «գործազուրկ» է եղել: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր Կարապետյանից, թե իր կենսագրական տվյալներում ինչու է բացակայում աշխատատեղերի հետ կապված տեղեկությունը, նա արձագանքել էր` նշելով, որ ինքը բիզնեսով է զբաղվել, մասնավորապես, «շաուրմայանոցում» է աշխատել: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ փորձել է Կարապետյանին նշանակել այդ պաշտոնին, խնդիրներ են առաջացել:
Բանն այն է, որ Կարապետյանի կենսագրական որոշ տվյալներ չեն համապատասխանել այն չափանիշներին, որոնցով նշանակվել է այդ պաշտոնին: Սա դեռ ամենը չէ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում եւս բացակայում է նրա ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: Ի դեպ, Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Ստացվում է՝ նոր իշխանությունները, բանիմաց կադրերին թողած, պաշտոն են վստահում միայն իրենց ծանոթ-բարեկամներին: Համենայնդեպս, Կարապետյանի դեպքն այդ մասին է խոսում:
Սյունէ Համբարձումյան