«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, որը նաեւ ԲԴԽ անդամ է, վերջերս վիճաբանել է դատական կարգադրիչների հետ: Բանը հասել է այնտեղ, որ դատավորը հայհոյել է կարգադրիչներին:
Այն, որ դատական համակարգում ԲԴԽ անդամ լինելը ունի իր առավելությունը, մասնավորապես, որ ԲԴԽ անդամ դատավորը ավելի շատ է վարձատրվում եւ շատ այլ հարցերում արտոնությւոններ ունի, գաղտնիք չէ ոչ ոքի: Սակայն պարզվում է` ԲԴԽ անդամ դատավորները փորձում են նաեւ իրենց դիրքն օգտագործել ուրիշների նկատմամբ իրենց առավելությունն ընդգծելու, նաեւ յուղոտ պաշտոնների տեղավորվելու համար:
Մասնավորապես, Ռուզաննա Հակոբյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր էր, իսկ ավելի ուշ ընտրվեց ԲԴԽ անդամ: Դրանից հետո դատավորի կյանքը «գլխիվայր շուռ եկավ». նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Այսքանով շարքը չի ավարտվում. ԲԴԽ անդամ լինելը նաեւ լուսավորեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի գործունեությունը: Նա ԲԴԽ անդամ լինելուց հետո ընտրվեց նոր ստեղծված Սնանկության դատարանի դատավոր: ԲԴԽ անդամ լինելը նաեւ մեծ հաջողություններ բերեց դատավոր Անի Մխիթարյանին. նա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ՀՀ վերաքննիչ դատարան:
Սակայն նկատենք, որ ԲԴԽ անդամ դատավորները այն աստիճան են ոգեւորվել իրենց առաջխաղացումից, որ մոռացել են իրենց տեղն ու դերը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը դիմել է դատարանի դատական կարգադրիչներին, որ օգնեն գրասենյակի իրերը մեկ սենյակից, մեկ այլ սենյակ տեղափոխելու հարցում: Դատական կարգադրիչները, դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով, չնայած նրան, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, կատարել են այդ քայլը:
Դատարանում տարածված լուրերի համաձայն` դատավոր Արմեն Խաչատրյանը սկսել է կարգադրիչներին հրահանգներ տալ՝ «այսպես արե՛ք, այնպես արե՛ք, արագացրե՛ք», հետո դժգոհել է նրանց արագությունից: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, եւ վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց:
Այս հանգամանքը դուր չի եկել դատավոր Արմեն Խաչատրյանին: Նա սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել կարգադրիչներին: Դատավոր Խաչատրյանի եւ կարգադրիչների խոսակցությունը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին, դատավորի ու կարգադրիչների միջեւ սկսվել է վիճաբանություն:
Արդյունքում այս ամենից վրդովված շուրջ 10 դատական կարգադրիչները հայտնվել են անելանելի դրության մեջ` չիմանալով, թե ինչ անեն իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ տեղեկության իսկությունը պարզելու նպատակով դիմեց ԲԴԽ անդամ դատավոր Արմեն Խաչատրյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ինչեւէ, կատարվածի շուրջ մեկնաբանության համար դիմեցինք դատական դեպարտամենտ, թե արդյոք նրանք տեղյակ են կատարվածից, եթե այո, ապա ինչ ընթացք են տվել կատարվածին: Ի պատասխան` Դատական դեպարտամենտից հայտնեցին. «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում նման տեղեկատվություն առկա չէ»: Հուսանք` մեր այս հրապարակումը հիմք կլինի ԲԴԽ-ի համար, որ արտոնյալ դատավորներին բացատրեն իրենց գործառույթներն ու գործողությունները:
Քնար Մանուկյան