«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ազգային ժողովում մտահոգություն հնչեցրեց հուշարձանների պահպանության վերաբերյալ։ Ըստ վերջինիս` Գյումրիում տուրիզմի զարգացման հնարավորություններ կան, սակայն պատմական միջուկի պահպանության խնդիրը չի լուծվում: «Մենք 1700 հուշարձան ունենք բաց երկնքի տակ, բայց երկրաշարժից հետո ոչ մի աշխատանք չի արվել դրանց պահպանության համար:
… Տուրիզմի մասին էլ խոսք չկա, խայտառակություն է. Գյումրին դուրս է մնացել տուրիստական շարքից, երբ երկրորդ քաղաքն է ու այդքան հուշարձան ունի»,- ասաց նա:
Միայն թե նկատենք, Գյումրու նախկին քաղաքապետն այսօր մտահոգություն է հայտնում այն պարագայում, երբ քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումը սկիզբ առավ հետերկրաշարժյան տարիներից, ու այդ գործընթացը բուռն զարգացում ստացավ հենց իր պաշտոնավարման օրոք:
Հենց վերջինիս` քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին էլ Գյումրու պատմական միջուկի վերակագնման ու հուշարձանների պահպանության համար քայլեր գրեթե չեն ձեռնարկվել: Անընդհատ կանգնեցվել են նոր հուշարձաններ առանց հների պահպանության խնդիրը լուծելու:
«Երկրաշարժից հետո ինչ-ինչ պատճառներով խաթարվեց քաղաքի ամբողջական դիմագիծը: Սկսեցին կառուցապատել` անձնական ճաշակներով առաջնորդվելով, ոչ քաղաքի դիմագիծը հաշվի առնելով: Ամենամեծ աղետը վերաբերում է քանդակներին, որոնք տարերայնորեն տեղադրվեցին: Ավանդույթ էր ձեւավորվել, որ պիտի ամեն քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը մի հատ քանդակ տեղադրվի: Տարիներ շարունակ սա վատ սովորություն դարձավ: Մի կողմից` կարելի է ասել, որ քաղաքը լցվեց նոր հուշարձաններով, բայց մյուս կողմից` եթե հաշվի ենք առնում որակն ու բովանդակությունը ու ճարտարապետությունը, համապատասխանու՞մ են իրար, կարելի է ասել, որ ոչ մի քանդակ իր տեղում դրված չէ: Քանդակների տեղադրումն առավել բնորոշ էր 2000-ական թվականներին»,-ասաց արվեստագետ Արաքս Մարգարյանը:
Խնդիրն, իհարկե, օրհասական է, սակայն դա ո՛չ մեկ օրում, ո՛չ էլ մեկ ամսում է առաջացել: Տարիների ընթացքում եղած բացթողումն, իհարկե, մեկ օրում շտկել էլ չի լինի: Հին Գյումրին 180 աստիճանով շեղված է իր ճարտարապետական տեսքից, եւ դրա պատասխանատուն ՏԻՄ մարմիններն են: Այս պարագայում խոսել տուրիզմի զարգացումից արվեստագետները անտեղին են համարում:
Սամվել Բալասանյանն էլ Պատմական միջուկի վերակագնման սեփական ծրագիրն ունի: Նախատեսում է Վարդանանց հրապարակի ամբողջ տարածքը սալիկապատել: Վերականգմանն էլ զուգահեռ շարունակվում է նոր արձանների ու քանդակների տեղադրումը: Ու քաղաքապետերից յուրաքանչյուրը դա անում է իր ճաշակով:
Հեղինե Մանուկյան
Գյումրի