Ավտոներկրողները Անանյանին հորդորում են Աստվածաշունչ կարդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավտոմեքենա ներկրողները կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են վերացնել նվիրատվության հարկը:

Անցած տարվա ամռանը ուժի մեջ մտած օրենքով` երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Այսինքն` մեքենան նվիրատվություն ձեւակերպելուց հետո արժեքի 20 տոկոսը պետք է հարկվի: Ավտոներկրող Արսեն Խաչատրյանի խոսքերով` եթե մեկ մեքենայի վաճառքից իրենք ստանում են 200 դոլարի եկամուտ, ապա որպես հարկ վճարում են մոտ 600 դոլար:

Մինչդեռ նախկինում ավտոներկրողները հնարավորություն ունեին տարվա ընթացքում մեկ մեքենա վաճառել, իսկ մեկն էլ նվիրել, բայց դրա համար հարկ չմուծել: Ի դեպ, տեղեկացնենք, որ ներկրողները 20 տոկոս եկամտային հարկ վճարելու մասին ծանուցումներ են ստացել:
Երեկ դժգոհող ավտոներկրողներից երեքը մտան կառավարություն, որոնց հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Օգնականի խոսքերով` ֆինանսների նախարարի ԺՊ Ատոմ Ջանջուղազյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ որոշվել է, որ 20 տոկոս եկամտահարկը բարձր բեռ է, եւ հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: «Հիմա մենք, լսելով ավտոներկրողների պահանջները, նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են` մոտ 30-40 հազար դրամ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ապա տեղեկացրեց, որ երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին:

Եւ վերջնական որոշումը կայացնելուց հետո այն առաջիկայում կա՛մ Հարկային օրենսգրքի հետ, կա՛մ ավելի շուտ կմտնի խորհրդարան: Կառավարության ներկայացուցիչը հույս հայտնեց նաեւ, որ այս ամենի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գնալ ու իր հարեւանի կամ ազգականի անունով մեքենա բերել: Ըստ վարչապետի օգնականի` մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու եւ տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք իրենց օրակարգում ներառված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի հարցը: Հարցին ի պատասխան` Տ. Հովհաննիսյանն արձագանքեց. «ՊԵԿ նախագահի հրաժարականը ոչ թե օրակարգում կա, այլ որ ասեք` ստորագրություն հավաքեք, մարդա տաս հատ ստորագրություն կտա: Ինքը իր դիպլոմները պետք է շպրտի ու Աստվածաշունչ կարդա, այսինքն մարդկային հարաբերություններ, վե՛րջ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս