ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում գրանցվել են ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված մեքենաների դեպքեր:

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում տեղակայված շուրջօրյա հենակետի փրկարարական խումբը արագ արձագանքել է Ջամշլու գյուղի մոտակայքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած և ձյան շերտում արգելափակված ավտոմեքենայի ահազանգին, արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան և օգնություն ցուցաբերել վարորդին ու չորս ուղևորներին:

Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ապարան քաղաքի և հարակից գյուղերի տարածքներում: Օրվա տարբեր ժամերի փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված 4 մեքենայի վարորդների և տասնչորս ուղևորի:

Շիրակի մարզում ավտոմեքենաների արգելափակման դեպքեր են գրանցվել Ցողամարգ, Կրասար, Աշոցք գյուղերի ավտոճանապարհներին: Մարզային փրկարարական վարչության ծառայողները արգելափակումից դուրս են բերել 29 ավտոմեքենա, 69 քաղաքացի:

Սյունիքի մարզում գրանցվել է ձյան շերտում ավտոմեքենայի արգելափակման մեկ դեպք, որին արագ արձագանքնել են Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում տեղակայված շուրջօրյա հենակետից:

Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արագ արձագանքել են և մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Գրանցված դեպքերի հետևանքով որևէ դժբախտ պատահար չի գրանցվել:

ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.

• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա

• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում

• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:




Լրահոս