ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահի և միջուկային հարցի շուրջ Փհենյանի գլխավոր բանակցողի հանդիպումից հետո հայտարարել է Սպիտակ տունը:
Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում դիվանագիտական խառնաշփոթի ֆոնին՝ կապված Հյուսիսային Կորեայի պատվիրակ Կիմ Յոնգ Չոլի այցի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Յոնգ Չոլի հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Քննարկվել է միջուկային զինաթափման և փետրվարի վերջին կայանալիք երկրորդ գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր: Նախագահն ակնկալում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, հանդիպման վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը:
Սինգապուրում հունիսի 12-ին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացավ պատմական հանդիպում: Նախագահ Թրամփը Սինգապուրի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել է: