Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները բախվել են կայանած «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Տ. Բ.) ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:




Լրահոս