Միքայել Մինասյանի աներոջ իշխանության ժամանակահատվածում բազմիցս են խոստումներ տրվել. Հրաչյա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, խոսելով նորընտիր ԱԺ-ում ձեւավորված ընդդիմության մասին, ասել է, որ իր կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետեւ, իր ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Նրա խոսքերով` ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ «Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է նա:

Մինասյանը նաեւ նշել է, որ եթե այս իշխանությունը եւս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչեւ որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն եւ այն իրականություն դարձնելու ունակ թիմ:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով այս խոսքերին, շեշտեց, որ ինքը համաձայն չէ նրա հետ, որ նոր խորհրդարանում լավ ընդդիմություն ձեւավորված չէ:

«Խորհրդարանը նոր է ձեւավորվում, եւ էդպես վերցնել ու դեռ չձեւավորված, դեռ բնական աշխատանքային հունի մեջ չընկած արդեն որակել, ես սխալ եմ համարում: Միգուցե մի քիչ սպասենք եւ կտեսնենք, թե իրեն ինչպես կդրսեւորի ընդդիմությունը: Մի քանի օր է, ինչ խորհրդարանը աշխատում է, եւ արդեն իսկ կարող եմ ասել, որ որակապես մի քանի անգամ լավ խորհրդարան ունենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության առումով»,- ասաց պատգամավորը:

Մեկնաբանելով նախկին դեսպանի՝ իշխանության հետ կապված խոսքերը` պատգամավորն ասաց, որ հիմա եկել է մի իշխանություն, որը սարեր-ձորեր խոսք չի տալիս, այլ կոնկրետ գործով է զբաղված, որ ժողովուրդը լավ ապրի:

«Միքայել Մինասյանի աներոջ իշխանության ժամանակահատվածում բազմիցս խոստումներ են տրվել, եւ կուզեի իմանալ, թե Միքայել Մինասյանը ինչպես է գնահատում այդ խոստումները: Ըստ նրա՝ այդ իշխանությունը ինչքանո՞վ է կատարել իր խոստումները: Համենայնդեպս, մենք էնպիսի խոստումներ չենք տալիս, որը որ չեն կարողանալու անել: Նախընտրում ենք խոստումներ չտալ եւ դրա փոխարեն պարզապես աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Լուսինե Մինասյան




Լրահոս