Ինչպես խնամել շուրթերը ձմռան ամիսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բալզամը (հայերեն՝ բալասան) համարվում է գրեթե յուրաքանչյուր կնոջ պայուսակի անբաժանելի մասնիկը: Ամռանը այս միջոցների խնդիրն է կնոջ շուրթերին յուրհատուկ փայլի հաղորդումը: Իսկ ահա ձմռանը դրանք ծառայում են որպես շուրթերը ցրտից պաշտպանելու լավագույն միջոցներից մեկը: Ստորև կփորձենք ներկայացնել բալզամների կիրառման որոշակի կանոններ:

Բալզամը որպես կանոն շուրթերին հաղորդում է բնական փայլ, այն հիանալի համադրություն է Nude ոճում դիմահարդարման համար, ինչպես նաև այն բոլոր դեպքերում, երբ խնդիր կա դիմահարդարման արդյունքում ընդգծել աչքերը: Սակայն, իրականում բալզամները ոչ միայն վիզուալ գեղեցկություն են ապահովում, այլ նաև ունեն սնուցող և պաշտպանիչ կարևոր հատկություններ:

Հաճախ բալզամների բաղադրության մեջ ներառվում են համային ավելացումներ և բույր հաղորդող կոմպոնենտներ, որոնք էլ ավելի հաճելի են դարձնում բալզամների կիրառելիությունը: Դրանք պարունակում են սնուցող յուղեր, վիտամիններ և հանքային օգտակար նյութեր: Այս բաղադրիչներից շատերը ստացվում են բուժիչ բույսերից, որի շնորհիվ էլ ծառայում են որպես հակավիրուսային պաշտպանիչներ:

Բալզամները կիրառելի են ցանկացած տիպի շուրթերի համար, հատկապես, եթե խնդիրներ կան մաշկի չորության հետ կապված: Դրանք ցրտից պաշտպանվելու հիանալի միջոցներ են, քանի որ բալզամների հիմքում ընկած են ճարպեր: Հետևաբար դրանց հաստ շերտով կիրառումը և սնուցում է շուրթերը և պաշտպանում է սառը օդի ազդեցությունից:

Նախընտրելի է ավելի շատ կիրառել այնպիսի բալզամներ, որոնք պարունակում են А, С և Е վիտամիններ: Մասնավորապես, եթե շուրթերի եզրերին հայտնվել են ճաքեր, ապա խորհուրդ է տրվում կիրառել հենց վիտամին С պարունակող բալզամներ: Շուրթերի խոնավությունը լավագույն ձևով են ապահովում ալոե, վիտամին E և բրնձի թեփ պարունակող բալզամները: Նախընտրելի է նաև կանաչ թեյի էքստրակտը:

Շուրթերի համար նախատեսված բալզամները կարելի է նաև որպես սնուցող դիմակներ օգտագործել: Այս առումով մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ անգամ կատարել հետևյալ պրոցեդուրան. շուրթերին քսել բալզամի հաստ շերտ, մի քանի րոպե այն ծածկել սննդի համար նախատեսված փաթեթավորման պարագայով, այնուհետև զգուշությամբ դրսի կողմից մերսել մաշկը, իսկ հետո մաքրել անձեռոցիկի օգնությամբ:




Լրահոս