Մի քանի օր է, մամուլում հոդվածներ տարածվեցին մի քանի մարզպետերին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների մասին, որը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել: Թեեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են բարոյական հարթության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ` հասկանալու համար` սպասելի՞ էր նման դժգոհությունը, արդյոք այդքան հրատա՞պ էր պարգեւավճարների հարցը եւ, ի վերջո, այս պարգեւատրումները ի՞նչ խնդիրներ են նպատակ ունեցել լուծել.
-Բացարձակ չէի սպասում, որ նման ալիք կբարձրանա, բայց դա չի նշանակում, որ փոշմանել եմ: Ամեն ինչ օրինականության եւ բարոյականության շրջանակներում է արվել: Խոսում ենք կյանքի որակ բարձրացնելու մասին: Հիմա այդ նույն կոնտեքստում որ նայում ենք, եթե աշխատավարձային ֆոնդի խնայողություն ունենք, եւ եթե այս խնայողություններից մենք բոլորին ենք պարգեւատրել, մարզային ենթակայության 90 դպրոցների մեծ մասին ենք պարգեւատրել` ուսուցիչներ, տնօրեններ, ուսմասվարներ: Էդ բոլորը ազգաբնակչություն է չէ՞, էդ բոլորը քաղաքացիներ են չէ՞: Այսինքն` մի քանի հազար ընտանիք պարգեւատրման արդյունքում հավելյալ գումարներ են մտել: Դա կյանքի որակի վրա չի՞ ազդում, դա սոցիալական ծրագիր չի՞ լուծում:
-Շատերն ասում են` մարզերում շատ խնդիրներ կան, ինչո՞ւ եք պարգեւատրել աշխատակիցներին:
-Այո, բայց, հարգելինե՛րս, օրենքով եթե աշխատավարձային ֆոնդի խնայողություն է եղել, այդ գումարը այլ նպատակով, քան աշխատավարձի տրամադրում, չենք կարող օգտագործել: Այդ գումարը պետք է օգտագործվի բացառապես այն ծախսային հոդվածով, ինչը որ բյուջեից հատկացվել է: Նույն տրամաբանությամբ այլ ոլորտներում եղած խնայողությունները օգտագործել ենք հենց տվյալ ոլորտների մեջ հարցեր լուծելով: Օրինակ` լուծել ենք շատ դպրոցների ջեռուցման հարցեր, նախակրթարանների հարցեր ենք լուծում եւ այլն: Ասեմ ավելին` պետական համակարգի աշխատողներին խրախուսելու պրակտիկան միշտ էլ կիրառվել է, եւ ես սա ասում եմ դրական իմաստով: Սա մի քանի քաղաքական ուժերի, մի քանի ուղղորդիչների, մի քանի մեդիառեսուրսներ տնօրինող շրջանակաների կողմից իրականացվող մանիպուլյացիան է:
-Իսկ վարչապետի հետ խոսե՞լ եք այս մասին:
-Ես վարչապետի հետ այս մասին չեմ խոսել, բայց մենք գործել ենք` վարչապետի քաղաքական աջակցության ու կառավարման անհրաժեշտ ինստիտուցիոնալ ուղիները աշխատացնելով: Այիսնքն` եթե մենք վերադասից պետք է թույլտվություն ունենանք որեւէ գործընթաց մեկնարկելու համար, մենք ունենք այդ թույլտվությունը:
Լուսինե Մինասյան