Մի քանի օր է, մամուլում հոդվածներ տարածվեցին մի քանի մարզպետերին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների մասին, որը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել: Թեեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են բարոյական հարթության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ` հասկանալու համար` սպասելի՞ էր նման դժգոհությունը, արդյոք այդքան հրատա՞պ էր պարգեւավճարների հարցը եւ, ի վերջո, այս պարգեւատրումները ի՞նչ խնդիրներ են նպատակ ունեցել լուծել:
-Այդ դժգոհության ալիքը անիմաստ տեղն է բարձրացել: Պարգեւատրումները եղել են միայն ու միայն խնայված միջոցների հաշվին եւ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար: Հաշվի առնելով վերջին շրջանի աշխատանքային լարված գրաֆիկը` մարզպետարանի բոլոր աշխատակիցները եւ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառուցյները, որտեղ եղել են նմանօրինակ խնայողություններ, եղել են պարգեւատրումներ, որոնք նախկինում միշտ եղել են: Հիմա դա շատ ավելի մեծ ուշադրություն գրավեց, չնայած անկեղծ ասաց շատ զարմացած եմ, քանի որ խոշոր բիզնեսմեն մարզպետերը եւ նախարարները նախկինում եթե չեն արել լավամարդ են դուրս եկել, եթե արել են էլ ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել: Այստեղ խնդիր չկա:
Պետության համար մենք պատրաստ ենք նույնիսկ անվճար աշխատել: Ինչպես են առաջացել այդ խնայողությունները: Օրինակ, մարզպետերի տեղակալներից մեկի հաստիքը ազատ է: Հետեւաբար` չկա վարորդ, օգնական: Ես չունեմ վարորդ, մինչեւ վերջերս չեմ ունեցել խորհրդական, օգնական: Մենք պետք է միշտ խրախուսենք` հաշվի առնելով շատ բաներ, օրինակ որ շատ են դժգոհությունները աշխատավարձերի ցածր լինելու մասով:
Հիմա քննարկվում է կառավարության կազմի օպիտմալացման հարցը` աշխատավարձերը բարձրացնելու հաշվին: Սա էլ այդ ուղղություններից մեկն է, որ մենք արել ենք: Ես վարչապետի հետ առանձին խոսակցություն չեմ ունեցել, բայց մարզպետերը իրավասու չեն որոշել` ինչքան գումար պետք է հավելավճար ստանան: Խոսակցություններ եղան այն մասին, որ պարգեւավճար ստացածները մի քանի ամիս աշխատած մարդիկ են:
Այդ հոդվածները գրելիս հաշվի են առել միայն վերջին հրամանները: Բայց մինչեւ այդ հրամանը, այդ նշված մի շարք մարդիկ մարզպետարանում աշխատել են նաեւ նախկինում` ասենք պայմանագրային հիմունքներով: Բոլորը հին աշխատողներ են եղել, բացառության մի հոգու, որի նշանակումը եղել է այն ժամանակ, երբ ինքը 8 օր էր աշխատել, եւ որը պարգևավճար չի ստացել:
Լուսինե Մինասյան