Մի քանի օր է, մամուլում հոդվածներ տարածվեցին մի քանի մարզպետերին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների մասին, որը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել: Թեեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են բարոյական հարթության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ` հասկանալու համար` սպասելի՞ էր նման դժգոհությունը, արդյոք այդքան հրատա՞պ էր պարգեւավճարների հարցը եւ, ի վերջո, այս պարգեւատրումները ի՞նչ խնդիրներ են նպատակ ունեցել լուծել
-Պարգեւավճարների հարցը առաջանում է տարվա վերջում: Այսինքն` նորմալ է, որ դեկտեմբեր ամսին է այս խնդիրն առաջացել: Մեկ տարվա ընթացքում տարբեր երեւույթներ են տեղի ունենում: Մարդիկ կան, որ աշխատանքից ազատվում են եւ այլն: Եւ այդպես տարվա վերջում կարող է գումար ավելանալ:
Պետք է հաշվի առնել, որ այդ կառավարությունը, այս մարզպետարանները աշխատում են բացառապես աշխատավարձով: Նախկինում մարզպետի աշխատավարձի քանակը իր սիրուհու ձեռքին է եղել կամ իր օգնականի մոտ զուտ ձեռքի ծախսերի համար: Հիմա էդպես չի, մարդիկ ապրում են զուտ աշխատավարձով:
Հեղափոխությունից հետո այնքան խճճված է եղել ամեն ինչ, որ մարդիկ մինչեւ ուշ գիշեր աշխատել են, եւ բնական է, որ այդ պարգեւավճարները եղել են նաեւ բարեխիղճ աշխատանքի համար: Օրինակ, ես կոռուպցիոն ռիսկերը 0-ի եմ հասցրել, եւ բացի աշխատավարձը նրանք այլ տեղից գումար չեն աշխատել: Հետեւաբար տրամաբանական է, որ պարգեւավճար լինի:
Լուսինե Մինասյան