Կառավարման համակարգ` հներով և նորերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած թավշյա հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, արդեն անցյալում են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ու ձեւավորվել է նաեւ կառավարության 2/3-րդը, սակայն կառավարման համակարգում, ըստ էության, փոփոխությունները միայն նախարարների մակարդակով են իրականացվել: Փոխնախարարների կամ այլ առանցքային պաշտոններում մնացել են նախկինները:

Իհարկե, սա տեղավորվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բարիկադները քանդելու շուրջ հայտնի հայտարարությանը, եւ, ըստ էության, նրանք այլեւս կադրերին չեն դիտարկում սեւի, սպիտակի, կամ ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի, այլ նայում են փորձառությանը, պրոֆեսիոնալ լինելուն ու աշխատանքային որակներին: Հենց այդ պատճառով էլ կառավարման համակարգում մի իրավիճակ է, երբ շատ փոխնախարարներ շարունակում են իրենց գործունեությունը: Չնայած մեծ թիվ են կազմում նաեւ այնպիսի փոխնախարարները, որոնք նշանակվել են արդեն հեղափոխությունից հետո:

Այժմ խոսենք փաստերով եւ անուններով. օրինակ` ամենակոռումպացված նախարարության համբավը ձեռք բերած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններն էական են եղել: Օրինակ` նախարարի առաջին տեղակալը` Արսեն Մանուկյանը, նշանակվել է 2018 թվականի հուլիսի 31-ին: Նույն օրն էլ նշանակված են եղել փոխնախարարներ Սմբատ Սաիյանը եւ Արմեն Ուդումյանը: Հեղափոխությունից հետո է նշանակված եղել նաեւ փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ով այժմ արդեն զբաղեցնում է այդ նույն նախարարության ղեկավարի պաշտոնը: Այսինքն` Մանե Թանդիլյանը, նախարար նշանակվելով, մեծ կադրային փոփոխություններ է կատարել:

Առողջապահության նախարարի տեղակալներից Արսեն Դավթյանն էլ իր պաշտոնին նշանակվել է մայիսի 25-ին` կրկին հեղափոխությունից հետո: Սակայն մինչ առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը նա զբաղեցնում էր նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն` համակարգում նոր մարդ չի եղել:

Իսկ ահա փոխնախարարներից Անահիտ Ավանեսյանը նոր է ոլորտում եւ, ավելին, մինչ փոխնախարար նշանակվելն առողջապահության ոլորտում ոչ մի գործունեություն չի ծավալել եւ ավելի շատ իրավաբանությամբ է զբաղվել, եղել է Փաստաբանների պալատի անդամ: Չնայած Լենա Նանուշյանն էլ փոխնախարար է նշանակվել հեղափոխությունից հետո, սակայն մինչ այդ էլ ոլորտում ակտիվ է եղել եւ պաշտոններ է զբաղեցրել նաեւ նախարարությունում:

Իսկ, ահա, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարգում ոչ մի փոփոխություն չի կատարել, եւ չորս փոխնախարարները, որոնք պաշտոնավարում են այժմ, իրենց պաշտոնները զբաղեցնում են բավական երկար ժամանակ: Ավելին` այս նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ Նունե Խաչատրյանն է, որը նախկին նախարարներից ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի աջ ձեռքն է մշտապես համարվել: Եւ Խաչատրյանը գործադիրում աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավարը եղել է Դ. Հարությունյանը: Այս առումով տեսակետ կա, որ նախարարությունում քննարկվող եւ վերջնականապես դեռ չավարտված օրենսդրական նախագծերը ժամանակից շուտ հանրության սեփականությունը դառնալու հարցում մեծագույն դերակատարություն ունեն հենց նախկիններից մնացած կադրերը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային փոփոխություններ, ամեն դեպքում, եղել են` չնայած, օրինակ, Արա Նազարյանը երկարամյա պաշտոնյա է, չնայած մինչ այդ պաշտպանության նախարարությունում էր աշխատում: Իսկ, օրինակ, Արկադի Բալյանը նշանակվել է հեղափոխությունից հետո եւ մինչ այդ «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր: Արտաքին գործերի նախարարությունում էլ իր պաշտոնը պահպանել է Շավարշ Քոչարյանը, մյուս երկու փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել են արդեն հեղափոխությունից հետո, չնայած փորձառու են եղել այդ ոլորտում: Բնապահպանության նախարարության դեպքում հենց նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն է նախարար նշանակվել, իսկ այդ պահի դրությամբ փոխնախարարի մեկ հաստիք թափուր է: Այսինքն` այստեղ եւս նախապատվություն է տրվել հին կադրի:

Կրթության եւ գիտության նախարարությունը երկու փոխնախարար ունի եւ երկուսն էլ նոր են: Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելուց հետո կտրուկ փոփոխություններ է արել իր ղեկավարած կառույցում: Պաշտպանության նախարարության պես կարեւոր գերատեսչության փոխնախարարները եւս նոր են, չնայած այնպես չէ, որ համակարգին անտեղյակ են եղել: Օրինակ` Դավիթ Փախչանյանը մինչ տեղակալ նշանակվելը եղել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը:

Փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրել է, բայց ոչ հենց այդ նախարարությունում: Մյուս նախարարությունների դեպքում եւս կան փոփոխություններ, սակայն կան գերատեսչություններ նաեւ, որոնց դեպքում արդեն ղեկավարն է «հին» Հայաստանից: Եւ սա պետք է օրինաչափ համարել. ի վերջո, եթե կան անձինք, ովքեր փորձառու են եւ ոլորտի գիտակներ, չպետք է զրկվեն աշխատանքից միայն այն պատճառով, որ նրանք ՀՀԿ-ականների հետ են աշխատել: Եթե նրանք կոռումպացված չեն եւ «մաքուր» են աշխատել, ապա իրավունք ունեն աշխատել նաեւ նոր իշխանությունների օրոք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս