Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Շատին համայնքի բնակիչների կողմից «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը, սակայն, չկայացավ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամբաստանյալներից մեկին վիրահատել են, իսկ մյուս երեք ամբաստանյալները դրամական միջոց չեն ունեցել դատարան ներկայանալու համար: Դատարանը նիստը հետաձգել է:
Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Մասնավորապես, տեղեկանալով, որ Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ համայնքապետարանի դուռը փակ է պահվում` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները 2018թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 15:30-ի սահմաններում, գնացել են Շատինի համայնքապետարանի վարչական շենք իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ` ծնված 1984, 1958, 1973 եւ 1970թթ., նկատելով լրագրողներին, կանգնել են նրանց առջեւ, վիճաբանության մեջ մտել նրանց հետ եւ արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին` այդ կերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Վայոց Ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ