Ուղղակի ապացույցների և ցուցմունքների փնտրտուք. ինչպե՞ս ստացվեց, որ կարևոր վկան Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք չտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը:
Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էր առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, ուստի այս ամենը հաշվի առնելով` նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

4 ամիս անց նրա մեղադրանքները փոխվեցին, եւ նոր մեղադրանք առաջադրվեց` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն (սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն (առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար), ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով):

Այս ամենը հաշվի առնելով` նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն 2017 թվականի դելտեմբերի 14-ին դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց միջնորդությունը: Դատախազությունը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Դեռեւս քննությունը չի ավարտվել: Թե ինչ կորոշի ՀՀ վերաքննիչ դատարանը, սպասենք զարգացումներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Արմեն Գեւորգյանին չկալանավորելու գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպիսով, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքը` դատավոր Արման Հովհաննիսյանը պետք է բավարարեր նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն դատական համակարգը ապշել է` տեսնելով Արմեն Գեւորգյանին մեղադրանքն ու նախաքննական մարմնի միջնորդությունը: Բանն այն է, որ Արմեն Գեւորգյանի մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Հովհաննիսյանը, ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը, նկատել է, որ ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, եւ դա հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ եւս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառ վերցնելու համար:

Ավելին, դատական համակարգը նույնիսկ մեկ իրավիճակ է վերլուծել, թե «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, ասել է թե` օրինակ, ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանը պետք է ցուցմունք տված լիներ Արմեն Գեւորգյանի դեմ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վալերի Պողոսյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության, նա ցուցմունք է տվել, սակայն Արմեն Գեւորգյանի դեմ հստակ որեւէ բան չի ասել:

Այս եւ այլ շատ իրավիճակները հիմք են եղել դատարանի համար, որ Արմեն Գեւորգյանին չկալանավորեն:

Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էր առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, եւ մանրամասնել էր. «Համաձայն այդ հրապարակման` Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, եւ այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ:

Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, որն այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ եւս քննություն իրականացրեցինք, եւ «վիքիլիքսյան» հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց:

Պարզվեց, որ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երեւի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետեւ, ի վերջո, Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը»: Այս արարքի համար Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հանար, սակայն ավելի ուշ մեղադրանքը ընդհանրացվել է, եւ նրան մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար:

Նախաքննական մարմինը, ըստ էության, փորձել է պարզել է` նախագահականից ում հետ, ում օժանդակությամբ է Արմեն Գեւորգյանը փորձել ճնշում գործադրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ միջնորդ պաշտոնյան մահացել է: Ստացվում է, որ վերոնշյալ անձը կարող էր Արմեն Գեւորգյանի դեմ ցուցմունք տալ, սակայն նա այլեւս չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց. «Ես չգիտեմ` Ձեզ այդ տեղեկությունները որտեղից, բայց ինչ վերաբերում է նրան, թե այդ տեղեկությունները կարող եմ հաստատել, թե ոչ, ես իրավունք չունեմ, քանի որ դա նախաքննական գաղտնիք է: Միայն կարող եմ ասել, որ այն մեղադրանքները, որ առաջադրվել են Արմեն Գեւորգյանին, ապացույցների բավարար համակցություն ապահովված չի եղել:

Եթե հետեւենք քրեական դատավարությանը, մեղադրանք առաջադրվում է այն ժամանակ, երբ կա մեղադրանքը ապացուցող բավարար ապացույցների համակցություն: Այս երեք մեղադրանքների դեպքում Ձեզ կարող է վստահաբար ասել, որ բավարար ապացույցների համակցություն վարույթն իրականացնող մարմինը չի ապահովվել:…Արմեն Գեւորգյանի դեմ որեւէ մեկը ցուցմունք տվել է, թե ոչ, ես նման տեղեկություններ իրավունք չունեմ հայտնելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաեւ հրապարակել ՀՔԾ-ի մեկնաբանությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս