Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրքերը թեժ են: Շուրջ 36 տարի Մայր թատրոնում աշխատելուց հետո ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օրերս հեռացվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման պատճառաբանությամբ: Այնինչ, նրա խոսքով, հեռացման պատճառն այն է, որ իրեն այդ կառույցում գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը եւ տնօրեն Վարդան Մկրտչյանը չեն հանդուրժում: Պարոն Գասպարյանը նշում է՝ թատրոնում արդեն իսկ կար գլխավոր ռեժիսորի պաշտոն, որն ինքն էր զբաղեցնում, բայց, չգիտես ինչու, 2015-ին Էլբակյանին «խցկեցին» թատրոն: Եվ, ըստ նրա, բնական է, որ որոշ ժամանակ հետո պետք է իրենից ազատվեին: Պարոն Գասպարյանի խոսքով՝ Էլբակյանին Մայր թատրոն «խցկողը» ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն է, որը Արմեն Էլբակյանի կնոջ՝ Աննա Էլբակյանի ազգականն է: Armlur.am-ը զրուցել է պարոն Գասպարյանի հետ: Տեսանյութը՝ ստորեւ:
Armlur.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն է խնդրել նաեւ Արմեն Էլբակյանից եւ Վարդան Մկրտչյանից: Երկուսն էլ հակիրճ խոսեցին: «Ես Տիգրան Գասպարյանի հարցազրույցի կապակցությամբ ինձ թույլ չեմ տա մեկնաբանություն անել, այդքան իջնել, հերյուրանքներին եւ ստերին չեմ պատասխանում»: Պարոն Մկրտչյանն էլ իր հերթին տվեց համանման պատասխան. «Այս խոսակցություններն արդեն ձնագնդիկի էֆեկտ են ստանում, ստահոդ հայտարարություններին արձագանքելու իմաստ չեմ տեսնում: Միայն կասեմ, որ Մար թատրոնում հիմա բուռն ստեղծագործական պրոցես է, առաջիկայում էլ պատրաստվում ենք մամուլի ասուլիս հրավիրել»,-եզրափակեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան