Ես պնդում եմ, որ Հայաստանը ներկայացնող առանձին դիվանագետներ իրենց վարքով շարունակում են հեղինակազրկել մեր երկիրը. Արման Բաբաջանյանի պատասխանը` ԱԳՆ մամուլի խոսնակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին.

«Առնվազն տարակուսանք է առաջացնում ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից նշանակված և նրանց պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում իրենց ծառայությամբ տարիներ շարունակ Հայաստանի հեղինակությունն ու վարկը նսեմացրած որոշ նախկին և գործող դիվանագետների:
Ազգային ժողովի իմ ելույթում խոսք չի եղել դիվանագետի ինստիտուտի մասին: Ես հատկապես կանգ եմ առել ՀՀ ԱԳ նախարարության կողմից տարիներ ի վեր գոյություն ունեցող արատավոր պրակտիկայի վրա, մատնանշել եմ կոնկրետ դեպքեր և օրինակներ, որոնք, չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու հռչակված փոփոխություններին, ոչ միայն չեն դադարել, այլև շարունակվում են ավելի համառ ինտենսիվությամբ:

Ես պնդում եմ, որ Հայաստանը ներկայացնող առանձին դիվանագետներ իրենց վարքով շարունակում են հեղինակազրկել մեր երկիրը, և Հայաստանի նոր իշխանության պարտականությունն է արագորեն սրբագրել, հետ կանչել նախկին քաղաքական արատավոր նշանակումները՝ հօգուտ բանիմաց և արհեստավարժ դիվանագետների:
Խորապես տեղյակ լինելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նախկին ռեժիմներից արմատացած տրամադրություններին և հեղափոխությունից հետո չմարսվող նոր իրողություններին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հորդորում եմ հետայսու գերատեսչության աշխատակիցներին, այդ թվում՝ գործող դիվանագետներին զգուշացնել պատշաճ արձագանքել ՀՀ ԱԺ պատգամավորի որևէ հայտարարության: Մամլո խոսնակից պահանջում եմ հարգալից, պատշաճ արձագանք՝ զերծ դասեր տալու և մեր հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունից։ Սա ասում եմ նաև ապագայում նախարարին ՀՀ Ազգային ժողովում անհարմար վիճակի մեջ չդնելու համար:

Արտաքին քաղաքական ճակատում հետագա անդառնալի բացթողումներն անթույլատրելի են, վարդանօսկանյանական և էդուարդնալբանդյանական ժամանակներն էլ անվերադարձ անցյալում են: Եթե որոշ պաշտոնյաներ՝ նախարարի գիտությամբ կամ առանց նրա իմացության, կարոտում են այդ ժամանակները, համոզված եմ, որ նրանք անելիք չունեն նոր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Որպես ԱԺ պատգամավոր և որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ առաջարկների մեծ փաթեթով պատրաստվում եմ լծվել բեղուն աշխատանքի: Այսպիսի միջադեպերը չեն կարող օգնել ապահովելու ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցության անհրաժեշտ աշխատանքային ոգին»:




Լրահոս