Երեկ՝ հունվարի 22-ին , Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի <<Հայաստանի կորսված գարունը>> փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել:
Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են: Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը:
Ինչևէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին: Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան