Հրանտ Մարգարյանը «Դաշնակցությունը» չէ. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի նախագահությունը հունվարի 20-ին տեղեկացրել էր, որ ժողովի աշխատանքների 5-րդ օրը անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը: Դրա բովանդակությունը հրապարակվեց երեկ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձում շեշտել էր, որ պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ. «Իմ եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։

Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների եւ քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովից հետո «Դաշնակցությունն» իր անդամներին, համակիրներին եւ ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլեւ նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով»,- ասված է այնտեղ:

Սակայն ընդամենը օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես եկավ օրվա իշխանություններին ուղղված շատ խիստ քննադատությամբ՝ նշելով, որ մյուս խորհրդարանական ընտրություններին պետք է տուն ուղարկել այս իշխանություններին եւ ստանձնել երկրի ղեկավարումը: Ավելի ուշ գրել էինք, որ «Դաշնակցությունում» հակված են կարծելու, որ վարչապետը չի ուզում կամուրջներ այրել՝ հստակ հասկանալով ՀՅԴ-ի դերը Սփյուռքի կյանքում:

Այս հարցի մասին փորձեցինք խոսել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն վերջինս հստակ պատասխան չտվեց` ասելով, որ այդ ուղերձի մասով իրավասու չէ որեւէ բան ասել: «Հավանաբար ժողովը հայտարարությամբ հանդես կգա այդ մասին: Հիմա ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»,- մեզ հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Դաշնակցությանը» ի՞նչ մեսիջ էր պարունակում:

-Դա ուղղվել է մի կուսակցության, որն իր լուրջ ավանդն ունի ե՛ւ պետականաշինության գործում, ե՛ւ ազգային ազատագրական պայքարի գործում, ե՛ւ հայապահպանության գործում, ե՛ւ Հայ Դատի, ե՛ւ այլ բնագավառներում: Դա ընդունված բան է, որ պետության ղեկավարները էդպիսի ուղերձներով հանդես են գալիս:

-Կարծիքներ կան այն մասին, որ Փաշինյանը չի ուզում փչացնել հարաբերությունները «Դաշնակցության» հետ Սփյուռքում իր կշիռը չկորցնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված: Կարծում եմ` հենց ուղիղ իմաստով գնահատելով «Դաշնակցության» լուրջ դերակատարությունը մեր հայրենիքի զարգացման, բարգավաճման, պաշտպանության եւ այլ գործերին` պետության ղեկավարը ուղերձ է հղել: Ոչ թե անհանգստացած է, որ եթե չհղի, ապա իրեն վատ կվերաբերվեն, կամ մեկ այլ նման բան, այլ ուղղակի հենց այդ իմաստով էլ ուղերձը հղել է: «Դաշնակցությունը» կա խորհրդարանում, թե չկա, դրանով իր դերակատարությունը չի փոխվում:

-Հրանտ Մարգարյանը մի քանի օր առաջ շատ կոշտ ձեւով քննադատեց իշխանություններին: Եվ միայն դրանից հետո՝ ժողովի 5-րդ օրը, եղավ ուղերձը: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Հրանտ Մարգարյանը «Դաշնակցությունը» չէ: Նա «Դաշնակցության» ղեկավար մարմնի անդամ է, այն մարմնի, որն իր քաղաքականությամբ ձախողեց Ազգային ժողովում հայտնվելը: Հետեւաբար, Հրանտ Մարգարյանի կողմից արտահայտած մտքերը չեն կարող կանխարգելիչ լինել կամ խթանիչ լինել, կամ հակազդեցության նպատակով իրավիճակ ստեղծվի, որ վարչապետը էդպիսի ուղերձով հանդես գար:

-«Դաշնակցությունում» բյուրոյի նոր կազմ է ընտրվելու: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան: ՀՅԴ-ի առաջ կա՞ ծառացած հրամայական կազմը նորացնելու:

-«Դաշնակցության» վերջին շրջանի ձախողումները պայմանավորված են ոչ թե նրանով, որ այս կամ այն մարդն է գտնվում ղեկավար մարմնում, այլ նրանով, որ ՀՅԴ-ն շարունակում է գործել մի կանոնադրությամբ, որը գրված է եղել 130 տարի առաջ, եւ այդ կանոնադրությունը գրված է եղել Օսմանյան Թուրքիայի պայմաններում կուսակցությունը պայքարի հանելու համար, ինչը հաջողվել է, բայց այդ կանոնադրությունը չի կարող նույնկերպ գործել հիմա՝ անկախ Հայաստանի պայմաններում: Այդ կանոնադրությունը մինչեւ չփոխվի, ոչինչ չի լինի:

Խոսքը չի գնում ծրագրային դրույթների մասին: Դրանք պիտի մնան եւ հետապնդվեն: Հետեւաբար, ես այս ամենը անձերով չեմ պայմանավորում:

-Հենց նոր նշեցիք, որ Հրանտ Մարգարյանը ձախողել է:

– Հրանտ Մարգարյանը ձախողեց, բայց եթե ես էլ լինեի, ես էլ կձախողեի: Իմ ասածը դա է: Այն իրողությունները, որի միջով ՀՅԴ-ն անցել է այդ կանոնադրությամբ, ով էլ լինի, ձախողելու է: Ժողովուրդը երբեք «Դաշնակցությանը» չի տվել այն հնարավորությունը, բայց պահանջել է շատ: Չի տվել այն հնարավորությունը, որ կուսակցությունը կարողանա դրսեւորվել, բայց միշտ շատ բան է պահանջել: Եւ հենց դա է ՀՅԴ-ի իրական դերակատարությունը. Ինքը միշտ պետք է պատրաստ լինի ամենածանր պահին լինել ժողովրդի կողքին: Այո, դա այդպես է, բայց դա կարելի է կյանքի կոչել ոչ թե անձերի փոփոխությամբ, այլ գործիքակազմը փոխելով:

-Վարչապետը նշել է, որ պատրաստ է համագործակցել կուսակցության հետ: Այդ համագործակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում:

-Այս պահին չեմ կարող վարչապետի փոխարեն մեկնաբանել իր խոսքերը, բայց համագործակցության շատ դաշտեր կան ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ մեր մյուս ավանդական կուսակցությունների հետ համախմբելու մեր ամբողջ հայության ներուժը հայրենիքին ծառայեցնելու համար:

-Հրանտ Մարգարյանի խոսքերից հետո Ձեր շատ կուսակիցներ կոպիտ խոսեցին ՀՅԴ-ի մասին, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է համագործակցության մասին: Պե՞տք էր այդպես կամուրջներ այրել:

-Կոնկրետ չգիտեմ՝ ով ինչ ձեւ է խոսել, որ կարողանամ մեկնաբանել: Երբեք չի կարելի կամուրջներ այրել, երբեք, ոչ մեկի հետ, ոչ մի անգամ չի կարելի:

Լուսինե Մինասյան




Լրահոս