Մարտի 1-ի գործը բացահայտելու համար արդեն ԶԼՄ ներկայացուցիչներին են հարցաքննում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստացել: Այս օրերին ակտիվորեն շարունակվում է մարտի 1-ի գործով հարցաքննությունների շարքը: Հիմնականում հարցաքննվում են 2008թ. մարտի 1-ի օրերին պետական պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանությունում աշխատած, ոստիկանության Ներքին զորքերում եւ ԶՈՒ-ում ծառայած անձինք:
Բացի այդ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում հայտնված եւ տասը տարի առաջ այդ իրադարձությունները լուսաբանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Մեզ հայտնի դարձավ, որ որոշ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ վկայի կարգավիճակով են հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

Մասնավորապես, ՀՔԾ քննիչները հետաքրքրվում են, թե նկարահանումները որտեղ են իրականացրել, ինչ տեսախցիկով, ինչին ի պատասխան` ԶԼՄ ներկայացուցիչը աղոտ ներկայացրել է, թե որտեղ է գտնվել, ինչ են արձանագրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԶԼՄ ներկայացուցիչներից պատմել են, թե ինչպես են նկարահանել Մաշտոցի պողոտայում կրակոցների տակ մեքենաներով վիրավոր անձանց տեղափոխելու դրվագները: Մեկ այլ ԶԼՄ ներկայացուցիչ պատմել է այն մասին, թե ինչպես է Մաշտոցի պողոտայի կամրջի հատվածում մարդու ծնոտ, կորտված ատամներ, լյարդացած արյուն տեսել եւ նկարահանել իրավիճակը:

Ավելին, պատմել է, որ իր բացառիկ տեսանյութում առկա է եղել մեկ այլ կարեւոր հանգամանք, որ ինչպես է մի քաղաքացի ծնոտի միջից հանում պարկուճները, պահում տեսախիցիկի առաջ ու ասում. «Նկարե՛ք` ինչպես սնայպերով աչքիս առաջ մարդու գլուխը ցրիվ տվին»:

Ի դեպ, ԶԼՄ ներկայացուցիչներից ոմանք շատ դեպքեր չեն հիշել իրենց նկարահանման ընթացքից` հայտնելով, որ երկար տարիներ են անցել, չեն հիշում շատ դրվագներ:

Մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը ԶԼՄ ներկայացուցիչներից ամեն կերպ փորձել է մեկ բան իմանալ, թե արդյոք նրանք իրենց ձեռքի տակ ունեն այնպիսի կադրեր, որ նախկինում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն տրամադրել իրավապահներին, սակայն այսօր առանց կաշկանդվելու կարող են այդ մասին հայտնել եւ պահված տեսանյութերը տրամադրել Հատուկ քննչական ծառայությանը: Ասել է թե` նախաքննական մարմինն իր ունեցած տեսանյութերից բացի փորձում է ինչպես ԶԼՄ ներկայացուցիչներից, այնպես էլ գործով հարցաքննված անձանցից նոր տվյալներ ձեռք բերել:

Ինչեւէ, ԶԼՄ ներկայացուցիչներից շատերը ասել են, որ այն, ինչ նկահարանել են, տվել են իրենց ԶԼՄ ղեկավարությանը, որն էլ հետագայում այն հրապարակել է համապատասխան ԶԼՄ-ի միջոցով:

Այս իրավիճակում հարց է առաջանում` արդյոք նախաքննական մարմինը նաեւ հարցաքննել է այն անձանց, որոնք իրենց բնակարաններից հեռախոսով էին նկարահանել Մաշտոցի պողոտայում տիրող իրավիճակը:

Միաժամանակ, հետաքրքիր է՝ իրավապահ կառույցներն իրենք արդյոք արխիվներում պահած ունեն մարտի 1-ի կադրեր, որոնք հասկանալի պատճառներով ժամանակին չեն օգտագործել, թե, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների օրոք դրանք ոչնչացվել են: Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ ոստիկանության, ԱԱԾ եւ այլ կառույցների հատուկ աշխատակիցներն այդ օրերին տեսանկարահանումներ չեն արել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դեմեց ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. « Մարտի 1-ի քրեական գործով կատարվում է բազմակողմանի նախաքննություն, բայց ինչպես բազմիցս հայտնել ենք, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու, որեւէ տեղեկատվություն չենք հրապարակում` նախաքննության շահերից ելնելով»:

Քնար Մանուկյան




Լրահոս