Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը 2018թ. դեկտեմբերի 20-ին որոշում է ընդունել 2018թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի պետական վարչական, պետական հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոնններ զբաղեցնող անձանց: Այդ որոշումը տեղադրված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Մարզպետը մարզպետարանի գլխավոր քարտուղար, գլխավոր ֆինանսիստ Արման Գեւորգյանին հանձնարարել է կատարել հաշվարկ եւ վճարել:
Պարգեւատրվածների մեջ մարզպետ Վահե Ղալումյանն է, նրա 3 տեղակալները, մարզպետի խորհրդականը, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետարանի վարչությունների պետերը, վարչություննների պետերի պաշտոնակատարները, բաժնի վարիչի պաշտոնակատարը, առաջատար մասնագետներ: Մարզպետ Վահե Ղալումյանը, որը ներկայումս ԱԺ պատգամավոր է, հասցրել է ինքն իրեն պարգեւատրել 661 հազար 400 դրամով, մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանին եւ Կարեն Խուդավերդյանին` 529 հազար 120 դրամով, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանին` 474 հազար 224 դրամով:
Մարզպետարանի 17 պաշտոնյա պարգեւատրվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 607 հազար 790 դրամով: Պարգեւատրվել են նաեւ մարզպետարանի քաղաքացիական ծառայողները` ընդհանուր թվով 79 հոգի` վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչներ, գլխավոր մասնագետներ, առաջին կարգի մասնագետներ, առաջատար մասնագետներ: Նրանց պարգեւատրման ընդհանուր գումարը կազմում է 16 միլիոն 501 հազար 95 դրամ: Դրամական պարգեւատրում են ստացել նաեւ մարզպետարանի` քաղաքացիական աշխատանք կատարող եւ աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողները` քարտուղար, պարետ, վարորդ, հավաքարարներ եւ պահակ: Ընդհանուր թվով պարգեւատրվել է 8 անձ, պարգեւատրման գումարը կազմում է 588 հազար 473 դրամ:
Այսպիսով, Տավուշի մարզպետարանի ընդհանուր թվով 104 աշխատող պարգեւատրվել է 22 միլիոն 697 հազար 358 դրամով: Մեծ հարց է նաեւ մարզպետարանում ավելի քան 100 աշխատող պահելու անհրաժեշտությունը: Փոքրիկ Հայաստանն ունի կառավարություն, համայնքապետարաններ, որոնց միջեւ կապը հարկ է իրականացնել էլեկտրոնային կապով, տեխնիկական արդի այլ միջոցներով, կարիք չկա կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարաններում գերուռճացած ապարատ պահելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ