«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը շարունակում է հին մեթոդները․ բուֆետները կփակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը: Նա հիվանդանոցում աշխատել է որպես անվտանգության աշխատակից, բայց տնօրենների փոփոխությունից հետո կորցրել է աշխատանքը:

Ղանդեւոսյանի պատմելով` Արման Հովակիմյանը, նշանակվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, աշխատանքից ազատել է անվտանգության թվով մոտ 13 աշխատողի: Ավելին, Հովակիմյանը անվտանգության աշխատողներին աշխատանքից ազատելու հետ մեկտեղ խոստացել է, որ առաջիկայում նրանց համար հիվանդանոցում հարմար աշխատանք կգտնի, սակայն խոստմանը տեր չի եղել: Սա դեռ բավարար չէ, նրանց աշխատանքից դեռ չազատած` անմիջապես աշխատանքի է ընդունել անվտանգության նոր աշխատակիցների:
Պարզվում է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը չի բավարարվել մարդկանց աշխատանքից ազատելով: Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: Այժմ փակման հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն աշխատեցնում է Գարիկ Ղանդեւոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Հովակիմյանը փորձեր է անում երեք բուժհաստատություններում գործող բուֆետների տարածքները տրամադրել մեկ այլ ընկերության, որն էլ պատրաստ կլինի դրանք շահագործել:

Նշենք, որ խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որը երկար տարիներ է՝ գործում է որպես բուֆետ, որտեղից, ըստ Ղանդեւոսյանի, օգտվում են հիմնականում ուսանողները: Գարիկ Ղանդեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարածքը ինքը վարձակալում է ամսական 25 հազար դրամով, բայց նոր տնօրենը` Արման Հովակիմյանը, վերջերս իր մոտ է կանչել Գ. Ղանդեւոսյանին եւ զգուշացրել, որ վարձակալության չափը ավելացնում է ներկա վարձավճարից տաս անգամ ավելի, այսինքն` ամսական 250 հազար դրամ: «Ասում է` պետք է այդքան տաս: Ես չգիտեմ` ինքը անձնական խնդիր ունի ինձ հետ, թե ոչ: Ես իրեն չեմ ճանաչում:

Բայց իրեն ասացի, որ հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առեւտուր չի լինում: Այդ բուֆետը ժամը 09.00-ից աշխատում է մինչեւ 16.00-ն, բուֆետից չեն օգտվում տատիկ-պապիկները, բժիշկները նույնպես չեն կարող օգտվել, որովհետեւ նրանք մի երեք ժամով են աշխատանքի գալիս»,- իրավիճակը ներկայացրեց Ղանդեւոսյանը:

Բայց արի ու տես, որ Հավակիմյանը ոչ մի կերպ չի բանակցել Ղանդեւոսյանի հետ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Ղանդեւոսյանը կա՛մ պետք է համաձայնի 250 հազար դրամ վճարել տարածքը վարձակալելու համար, կա՛մ էլ փակի բուֆետը, ինչի արդյունքում, ի դեպ, երեք աշխատող գործազուրկ կդառնա:

Մեր զրուցակցի խոսքերով` Հովակիմյանը այսկերպ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ինքը ստիպված լինի հրաժարվել բուֆետը շահագործելուց: «Ես իր հետ խոսելուց հետո հասկացա, որ ինքը չի ցանկանում պարզապես ինձ հետ աշխատել: Թող վարձավճարը բարձրացնեն, հասցնեն 50 հազար դրամի, բայց ոչ 250 հազար դրամի: Անգամ իր օգնականի հետ էլ եմ խոսել, բայց ոչ մի արդյունք»,- հուսահատված նկատեց Գարիկ Ղանդեւոսյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բժշկական կենտրոն, բնականաբար Արման Հովակիմյանի հետ հնարավոր չեղավ խոսել. նա իրեն, կարծես թե, լրատվամիջոցներից հեռու է պահում: Բայց մեր հարցերին պատասխանեց մամուլի հարցերով զբաղվող Պետրոս Մանուկյանը եւ նշեց, որ ծննդատան բուֆետը մինչեւ նոր տնօրինության գալն է փակված եղել: «Իր պայմանագրի ժամկետը ավարտվում է փետրվարի 1-ով, եւ տնօրինությունը նպատակահարմար չի գտնում նման պայմաններով շարունակել իր հետ երկարաձգել: Առաջարկում է նոր պայմաններով պայմանագիր կնքել, եթե բավարարի, կկնքի»,- ասաց Մանուկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտակմանը, թե տնօրինությունն առաջարկում է տասն անգամ թանկ գնով նոր պայմանագիր կնքել, Մանուկյանն արձագանքեց. «Դե հակառակը կարող ենք ասել. նախկինը եղել է տասն անգամ էժան գնով: Ծննդատան բուֆետը փակված է եղել մինչեւ նոր տնօրինությունը: Իսկ բժշկական կենտրոնինը նոր տնօրինության ժամանակահատվածում է փակվել, տվյալ տարածքը, շենքային պայմաններից ելնելով, այլ նպատակով կօգտագործվի: Բացի այս, լիցենզավորման խնդիր կար, որ այդ բժշկական կենտրոնի ներսում նման գործունեություն ծավալելու խնդիր է եղել:

Այդ բուֆետը գտնվել է ԲԿ-ի տնօրինության աշխատասենյակի հարեւանությամբ, եւ դա հետագայում հնարավոր է ադմինիստրատիվ նպատակներով օգտագործել»: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության ծառայության աշխատողների ազատմանը, Մանուկյանն ասաց, որ մրցույթային կարգով շահել է կազմակերպություն, որից հետո ԲԿ ներքին ծառայության բոլոր աշխատողներն ազատվել են աշխատանքից, քանի որ պահանջ է եղել, որ բուժհիմնարկի անվտանգությունը իրականացնի լիցենզավորված պահնորդական ծառայություն:

Այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ եթե Արման Հովակիմյանի ձեռքին հնար լիներ, ապա հիվանդանոցի պատերն էլ կփոխեր: Այդ աստիճան նա փորձում է ազատվել նախկին կադրերից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս