«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ջուսն է:
Նա հիշեց մի դեպք, որը պատահել է իր հետ Մոսկվայում 2003 թվականին, երբ երգում էր Իրինա Ալեգրովայի մոտ որպես բեք վոկալիստ. «Կրեմլում պետք է կայանար Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ամենամյա համերգը, որի ընթացքում ելույթ էր ունենալու նաեւ Իրինա Ալեգրովան, մենք էլ հետը: Այդ համերգից առաջ մի ուրիշ միջոցառման ժամանակ էինք ելույթ ունեցել, եւ Ալեգրովայի կիսաշրջազգեստը մնացել էր ինձ մոտ: Նա ասել էր, որ հենց այդ շրջազգեստը բերեմ Կրեմլ, որպեսզի դրանով ներկայանար ՆԳՆ-ի համերգին:
Քանի որ Մոսկվայում խցանումները շատ էին, որոշեցի մետրոյով գնալ, որպեսզի չուշանայի, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը: Քանի որ այդ ժամանակ բավական էկզոտիկ արտաքին ունեի՝ ոչ ռուսական քիթ, մուգ գույնի գանգուր մազեր, հյուսքեր, ոչ այնքան սպիտակ մաշկ, անմիջապես գրավեցի ոստիկանների ուշադրությունը:
Նրանք կասկածեցին, որ ես արտերկրացի եմ, որը կարող էր անլեգալ բնակություն հաստատած լինել Մոսկվայում, եւ անմիջապես պահանջեցին փաստաթղթերս: Ես ասացի, որ մոռացել եմ դրանք տանը, նրանք չհամոզվեցին, որ ես օրենք չեմ խախտել, շարունակեցին փորփրել, իսկ ես այդ ընթացքում սարսափելի ապրումների մեջ էի: Ասացի. «Գիտե՞ք՝ ես երգչուհի եմ, ուշանում եմ ՆԳՆ-ի համերգից, Ալեգրովայի շորն էլ մոտս է»: Հանեցի, ցույց տվեցի, չհավատացին, սկսեցին ծիծաղել, ծաղրել, ասացին. «Հա ի՞նչ, մենք էլ Կիրկորովի մոտ ենք երգում, ձեր փաստաղթերը, խնդրեմ»,-ծիծաղելով հիշեց Ջուսը:
Երկար ժամանակ երգչուհուն ոստիկանները չեն հավատում, ուշացնում են այնքան, մինչեւ որ Ալեգրովայի մոտից զանգահարում են ոստիկաններին, հաստատում են, որ Ջուսն իրենց բեք վոկալիստն է. «Ծայրը ծայրին հասցրեցի համերգին, բայց թե ինչ ապրումներ ուենցանք ես եւ Ալեգրովան այդ ընթացքում, միայն մեզ էր հայտնի. քիչ էր մնում Ալեգրովան իմ պատճառով բեմ դուրս գար առանց կիսաշրջազգեստի (ծիծաղում է)»,-նշեց Ջուսը:
Ի դեպ, Ջուսը հավելեց, որ հաճախ է ընկնում խենթ պատմությունների մեջ եւ, միեւնույն ժամանակ, խոստովանեց, որ դրա համար ոչ մի հատուկ բան չի անում:
Աննա Բաբաջանյան