Հունվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:
Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ Անդրանիկ Իսկանդարյանը, որը ներկայացրեց մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ծառայությունների ցուցանիշներին, նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Նշվեց, որ անցած 12 ամիսներին Երևան քաղաքում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 13251 հանցագործության դեպք` նախորդ տարվա 11685-ի դիմաց: Միևնույն ժամանակ՝ բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ` 11.1%-ով:
Անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է, մասնավորապես, սպանության դեպքերի նվազում. հաշվառվել է սպանության 21 դեպք` նախորդ տարվա` 25-ի դիմաց:
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանն իր ելույթում անդրադարձավ հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, դրանցով հետախուզվող հանցագործների հայտնաբերման աշխատանքներին:
Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրին իրենց ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանեցին առկա խնդիրները, ներկայացրին աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գարիկ Ղուկասյանը հավաստեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ` հաշվետու շրջանում արձանագրված բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ` շարունակելով հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար: