Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ  մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել  առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս