ՀՀ Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը հրաժարական է տվել: Նշենք, որ Եղյանը գյուղապետի պաշտոնում ընտրվել էր անցած տարվա մարտի 11-ին, բայց դեկտեմբերի 12-ին ներկայացրել էր հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արմեն Եղյանի հետ՝ տեղեկանալու հրաժարական տալու պատճառների մասին:
Պարզվում է, որ արդեն նախկին գյուղապետը պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով: «Ուղղակի հայրս էր զբաղվում, բայց հիմա առողջական խնդիրներ ունի, եւ ես պետք է զբաղվեմ դրանով, այլ ելք չկա»,- պարզաբանեց Եղյանը: Ի դեպ, նշենք, որ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանը եւս հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե Եղյանը պետք է զբաղվի շինանյութի բիզնեսով, ապա Կարապետյանի դեպքում պատճառն այլ է: Բանն այն է, որ նորակերտցիները դեռեւս նախորդ տարվանից պահանջում են Կարապետյանի հրաժարականը. այս պահանջով նրանք անգամ բողոքի ակցիաներ են արել, փողոց են փակել: Գյուղացիների պատմելով՝ Կարապետյանը սեփականաշնորհել է մանկապարտեզի տարածքի մի մասը, բուժամբուլատորիայի եւ գյուղապետարանի նախկին շենքերը: