ԵԿՄ փոխնախագահը հանդիպել է Մանվել Գրիգորյանին. ինչ զրույց է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց դեպքերից հետո պարբերաբար քննարկվում է ԵԿՄ նոր նախագահ ընտրելու հարցը: Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ: Միքայելյանն անձամբ ցանկություն չունի ղեկավարելու այդ կառույցը, սակայն ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ հենց նա լինի ԵԿՄ նախագահ` որպես իշխանությանն առավել մոտ կանգնած գործիչ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ:

-Պարո՛ն Կետիկյան, Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալային դեպքերից հետո հասարակության շրջանում շատ եղան հայտարարություններ այն մասին, որ երկրապահը պետք է փակվի: Պատճառը թերեւս այն է, որ կառույցը նույնացվում է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Հիմա ի՞նչ տրամադրություններ եք նկատում:

-Շատ ցավալի բան է դա: ԵԿՄ-ի փակվելը ցանկացողներին ես մի բան կասեի. եթե դուք վաղը հավաքվեք, օրինակ, 10.0000 հոգով գաք, ասեք` թող ԵԿՄ-ն փակվի, բայց պատերազմի ժամանակ մենք առաջինը կմեկնենք ռազմադաշտ, ես կամաձայնեմ: Էդ ո՞ւմ հույսին եք փակում ԵԿՄ-ն, ո՞վ է վաղը զինվորի կողքին կանգնելու: Եթե առանց մեզ կարող եք ապահովել պահանջվելիք ռեզերվները, եկեք, քննարկենք փակելու մասին հարցերը: Ամեն ինչին պետք է մի քիչ ավելի խորությամբ նայել:

Զգացմունքային կարծիքներ չկազմել, անմեղության կանխավարկածը հաշվի առնել: Եվ, ի վերջո, ԵԿՄ-ն միայն Մանվել Գրիգորյանը չի, ԵԿՄ-ն մեր զոհված ընկերներն են, հաշմանդամություն ունեցող տղերքն են, որոնք իրենց առողջությունն են տվել: Եվ մի բան ասեմ. ես անձամբ չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող էր անել այն ամենը, ինչ ներկայացվեց հասարակությանը՝ կրկին հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, չլսելով Մանվել Գրիգորյանին: Ես վստահ եմ, որ Մանվել Գրիգորյանը չէր կարող զինվորից հաց գողանալ: Ընդհակառակը, նա մի քանի հազար հոգու հետ ապրիլյան պատերազմի ժամանակ հաշված ժամերի ընթացքում հայտնվեց զինվորի կողքին, զինվորի հետ կիսեց իր բեռը առաջնագծում: Այդ նույն տուշոնկաները մենք ստացել են Պաշտպանության նախարարությունից: Որ ասում են՝ զինվորի հացն է, երկրապահում էլ են զինվորներ: Եկե՛ք լսենք նաեւ մեղադրվող կողմին, նոր հետո եզրակացություններ անենք. շատ ավելի ճիշտ կլինի:

-Մանվել Գրիգորյանը մեկ ամիս ազատության մեջ էր: Հանդիպե՞լ եք, ինչի՞ մասին եք խոսել:

-Իհարկե, հանդիպել եմ: Խոսել եմ իր առողջական վիճակի մասին, որովհետեւ նրա առողջական վիճակը իսկապես շատ ծանր է՝ գնալով ավելի ծանրանալու միտումով, եւ ինձ հետաքրքրել են միայն այդ հարցերը: Աշխատանքային որեւէ հարց չենք քննարկել, քանի որ նպատակահարմար չեմ գտել այդ առողջական վիճակով մարդու հետ խոսել գործնականից:

-Իր դեմ հարուցված քրեական գործից էլ չե՞ք խոսել:

-Ո՛չ, այդ մասով էլ ոչինչ չենք խոսել: Ես նույնիսկ չեմ էլ հարցրել՝ դու նման բան արե՞լ ես, թե՞ ոչ: Եվ եթե ինքը ինձ ասեր, որ արել է, ես չէի հավատա, որովհետեւ այդ խոհանոցին որոշ չափով տիրապետում եմ, ես վստահ եմ՝ ինքը հատկապես սննդամթերք չէր կարող գողանալ: Կամ ի՞նչ է նշանակում` զինամթերք է տարել: Եթե զինամթերքը չի հերիքել, ապա համապատասխան պաշտոնյաների պատճառով չի եղել կամ հերիքել: Իսկ այդ ամենը երկրապահի հետ կապելը առնվազն բարոյական չէ: Եվ հետո՝ մենք բոլորս էլ երիտասարդ եղել ենք եւ սովորաբար շամպայն բացել ենք, երբ մարդիկ կալանավայրերից ազատվել են:

Ինչպե՞ս կարելի է այդքան ուրախանալ, որ մարդուն կալանավորել են: Ես նման բան չեմ տեսել, չեմ էլ պատկերացրել, որ այս երկրում նման բան կարող է լինել: Այնքան կուզեի այդ մարդկանց տեսնել թուրքի դեմ դիմաց կանգնած, ինչպես մենք ենք այդ տարիքում եղել կանգնած:

-Շատ կարծիքներ կան, որ այդ ակցիաներն ինչ-որ կերպ ազդեցին դատարանի որոշման վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

-Չգիտեմ՝ անդրադարձավ, թե չէ, բայց ես հույս ունեմ, որ, ի վերջո, մեր դատարանները գոնե հիմա, երբ ունենք ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, որոնք ասում են, որ դատարանների վրա ազդեցություն չեն ունենալու, կանկախանան: Չեմ ուզում հավատալ, որ փողոցի ազդեցության տակ դատարանները որոշումներ պետք է կայացնեն:

-Հարցաքննության կանչվե՞լ եք:

-Չեմ կանչվել:

-Ըստ մեր տեղեկությունների՝ ԵԿՄ համագումար է տեղի ունենալու: Ի՞նչ նպատակով է հրավիրվում:

– Լինելու է արտահերթ համագումար, մենք հերթական համագումար չունենք, եւ դա էլ վարչության որոշումն է: Այսինքն՝ երբ որ վարչությունը կորոշի արտահերթ համագումար հրավիրել, այդ ժամանակ էլ կլինի: Հստակ չգիտեմ՝ երբ կլինի՝ մեկ շաբաթ, մեկ ամիս, թե մեկ տարի հետո: Բնականաբար, եթե տեղի ունենա, առաջին խնդիրը լինելու է ղեկավար մարմինների ձեւավորումը, այդ թվում` նախագահի, տեղակալների, վարչության կազմի ընտրություններ: ԵԿՄ-ն հավանաբար հայտարարությամբ հանդես կգա, կխոսվի առաջիկա անելիքների մասին: Չեմ կարծում, թե կառուցվածքը կփոխվի, որովհետեւ տասնյակ տարիներ մենք էդպես աշխատել ենք, եւ դա իրեն արդարացրել է:

-Խոսեցիք նախագահի ընտրության մասին: Այս մասով երկու անուն է շրջանառվում՝ Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան: ԵԿՄ-ում ո՞ւմ են հակված ընտրել:

-Երկուսն էլ մեր մարտական ընկերներն են, երկուսն էլ ԵԿՄ-ի ստեղծման ակունքներում են կանգնած եղել: Երկրապահում երկուսին էլ դեմ չեն: ԵԿՄ-ի տարածքային բաժանմունքները իրենց կարծիքը մեծամասնությամբ տվեցին Արամ Սարգսյանի թեկնածությանը, նաեւ այլ երկրապահներից շատերը, որոնք այլ կառույցներում են, պաշտպանում են Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Փառք Աստծո, Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը մտերիմ ընկերներ են, միասին երկար ճանապարհ են անցել, երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը անհարմար վիճակի մեջ հայտնվի: Իրենք երկուսով էլ կարող են քննարկում ունենալ այդ մասով, ընդհանուր հայտարարի գալ, հետո խոսել մեր տարածքային եւ մարզային կառույցի ղեկավարների հետ:

Լուսինե Մինասյան




Լրահոս