Որտեղ էր թաքնված կոռուպցիայի բունը Նոր Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Մասնավորապես, երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գեւորգյանին։  «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր Նոր Հայաստանի պահանջներին:

Բացի դրանից շատ լավ գիտեմ, որ կային ինչ-որ կից ՍՊԸ-ներ, որոնք սպասարկում էին այս ՓԲԸ-ին: Այսինքն` այն գործը, որը պետք է ընկերությունն աներ, ուղարկում էին ինչ-որ ՍՊԸ-ների մոտ, որոնք, ի դեպ, ներսի մարդկանց բացած ընկերություններն էին, եւ այդ ընկերությունները գումարներ էին աշխատում քաղաքացիների հաշվին: Էս պրակտիկան այսուհետ վերանում է»,- նախկինում եղած կոռուպցիոն սխեմաների մասին խոսել է Հայկ Մարությանը։

Նշենք, որ  «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն իրականացնում է գեոդեզիայի (տարածքների չափագրում), գլխավոր հատակագծերի, ինչպես նաեւ ինքնակամ շինությունների մասնագիտական եզրակացությունների տրամադրման ու մի շարք այլ գործառույթներ: Նկատենք, որ քաղաքապետարանի այս կամ այն վարչության կամ հիմնադրամի կողմից չարաշահումների եւ կոռուպցիայի մասին բարձրաձայնումներ նախկինում շատ են եղել, եւ խոսքն ամենեւին էլ միայն այս ՓԲԸ-ին չի վերաբերում։

Օրինակ, 2016 թվականին ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանին: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատած Կ․ Միքայելյանի վերաբերյալ եւս քրեական գործ է եղել՝ խոշոր կաշառքի փաստով։ Երեւան հիմնադրամի շուրջ տեղի ունեցած գործընթացներն էլ գալիս են լրացնելու վերը թվարկածը։

Լուրջ չարաշահումեր էին բացահայտվել ինչպես թափառող կենդանիների դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների ու մատուցված ծառայությունների հետ կապված, այնպես էլ այլ ոլորտների վերաբերյալ: Եվ երեկ Հայկ Մարությանը պարզ հայտարարեց, որ կոռուպցիան այս կառույցում պետք է վերանա։ Մինչ այդ արձանագրենք, որ Երեւանի քաղաքապետարանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված նախկին պաշտոնյաներից որեւէ մեկը մինչեւ հիմա չի պատժվել. հարուցված քրեական գործերը դեռ դատարան չեն ուղարկվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս