2018թ. ՀՀ պետական բյուջեն երկարատեւ ընդմիջումից հետո հարկային եկամուտների գծով գերակատարվել է: Եւ այսպես, ՀՀ ՊԵԿ-ը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հավաքագրել է 1 տրիլիոն 306 մլրդ դրամ հարկ: Մինչդեռ 2018թ. բյուջեի մասին օրենքով նախատեսված էր, որ միայն հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմելու են 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ: Այսինքն՝ հավաքագրվել է 57.5 մլրդ դրամ ավել գումար:
Սա ուշագրավ է երկու առումով. նախ՝ տեւական ընդմիջումից հետո ՀՀ պետական բյուջեն գերակատարվել է, այնինչ նախորդ տարիներին պարբերաբար նախատեսվածից քիչ գումար էր հավաքագրվում: Եւ բացի այդ, ՀՀ նախորդ կառավարությունները պետական բյուջեն ԱԺ-ում հաստատվելուց հետո արդեն կառավարության որոշմամբ փոփոխությունների էին ենթարկում, եկամուտներն ու ծախսերն ավելացնում էին, արդյունքում՝ չկարողանալով այդքան գումար հավաքել: Բայց թավշյա հեղափոխությունից հետո նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով, եւ բյուջեի նախատեսված մուտքերը չփոփոխեց: Հեղափոխությունից հետո մտավախություն կար, որ գումարները պակաս կհավաքագրվեն, սակայն հաջողվեց անցնող տարին ավարտել միանգամայն այլ ցուցանիշներով: Մեկ փաստ էլ. 2018թ. հավաքագրվել է 1 տրլն 306 մլրդ դրամ, իսկ 2017թ. հարկային եկամուտները 1 տրլն 158 մլրդ դրամ էին: