Նախկին իշխանությունների իրավական անարդարությունների հետեւանքով ՀՀ պետական բյուջեից հերթական գումարն է վճարվելու այդ ապօրինությունների հերթական զոհին: ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 118 հազար եվրո: Նշված գումարը պետք է վճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Գրիգորյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար:
Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը եւ դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ: Նրանք նաեւ պահանջել են 874 հազար 974 եվրո որպես նյութական վնասի եւ 3 հազար 301 եվրո՝ կրած ծախսերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում: